Գլխավոր Լուրեր «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

2
0

zin-563x375Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորում ենք ՀՀ քաղաքացիներին եւ նրանց ընտանիքներին, ովքեր ծառայում են զինված ուժերում եւ դժվարին զոհողությունների գնով պաշտպանում մեր երկրի անկախությունն ու սահմանները։ Մաղթում ենք նրանց խաղաղություն, անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ հայրենի տուն։

 

Բանակի կազմավորման տարեդարձի առթիվ ամփոփելով անցած տարին, հերթական անգամ արձանագրում ենք, որ բանակի ղեկավարությունը այդպես էլ կամք չի դրսեւորում` դիմելու այնպիսի բարեփոխումների, որոնք կապահովեին զինծառայողների անվտանգ եւ արժանապատիվ ծառայությունը ոչ մարտական պայմաններում։

 

Ավելին, անցած տարում նշանակալի հետընթաց է արձանագրվել։ Եթե 2013-ի տարեսկզբին պաշտպանության նախարարը խոստացավ հրաժարվել «բանակը հասարակության հայելին է» եւ «այլ երկրներում էլ բանակները լավ վիճակում չեն» արդարացումներից, ապա 2014-ի տարեսկզբին նախարարը նահանջում է հին դիրքերին` պայքար հայտարարելով «չարաճճի» տղաների դեմ, փոխանակ այդ ջանքերը ներդնելու իր ենթակայությամբ գործող հանցավոր «չարաճճիությունները» վերացնելու գործում։

 

Եթե անցած տարում Ազգային ժողովը բազմակողմանի եւ անհրաժեշտ լսումներ անցկացրեց զինված ուժերի գործունեության վերաբերյալ ապա նույն այդ Ազգային Ժողովը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում հաստատեց զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանին, ում ղեկավարությամբ պարտակվել են զինված ուժերում տեղի ունեցած բազմաթիվ հանցագործություններ եւ հանցագործներ` դեպքերի ականատեսներին խոշտանգումների եւ ճնշումների ենթարկելու, ստի եւ կեղծիքի, արդարություն որոնող ընտանիքների առողջության գնով։ Նրա «թեթեւ ձեռքով» սպանությունները որակվել են որպես ինքնասպանություն կամ դժբախտ պատահար, կեղծ մեղադրանքներով ազատազրկվել են ոչ թե հանցագործները, այլ մարդիկ, ովքեր հանցագործության հետ կամ ոչ մի կապ չեն ունեցել, կամ գլխավոր դերակատարները չեն եղել։ Նրա անձնական միջամտությամբ ազատության մեջ հայտնվեց մարզպետ Սուրիկ խաչատրյանն ու նրա որդին, ում տան մոտ փոխհրաձգության ժամանակ եղբորը կորցրած գնդապետ Արտակ Բուդաղյանին Կոստանյանը չվարանեց հանձնել։

 

Զինդատախազության (ինչպես նաեւ նրան օժանդակ ՀՀ ՊՆ քննչական ծառայության եւ ռազմական ոստիկանության) գործունեության հետեւանքով բանակում ամրապնդվում է անպատժելության մասին համոզմունքը, եւ հետեւաբար ծաղկում է հանցավորությունը։ Ցավոք, ՀՀ դատական ատյանները բազմակողմանի եւ լիարժեք քննության փոխարեն հաստատում են զինդատախազության բերած շինծու մեղադրանքները, ինչը հաստատուն կերպով շարունակվեց անցած տարում։

 

Եթե 2013-ին արձանագրվել է 31 մահվան դեպք, ապա 2014–ի հունվարը դեռ չի ավարտվել, բայց հայկական բանակն արդեն երեք զոհ է տվել, որից մեկը`ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով, իսկ մյուս երկուսը` առողջական խնդիրների հետեւանքով։ Նոր միտում է նշմարվում` այս մահերը եւ նորակոչիկների առողջական խնդիրները բարդել «կայծակնային» զարգացող հիվանդությունների վրա։ Մինչդեռ, զորակոչի ժամանակ բազմաթիվ հաղորդումներ են եղել այն մասին, որ նորակոչիկները ժամերով սպասեցվում են դրսում` ձմեռային ցրտաշունչ եղանակին, որ նրանց ինքնազգացողության վատթարանալն անտեսվում է` «սիմուլյանտության» մեղադրանքով, չի տրամադրվում պատշաճ բուժօգնություն, մտահոգիչ տեղեկություններ են հայտնի դարձել բուժման ենթակա զինվորներին բռնության ենթարկելու մասին։ Ավելին, պաշտպանության նախարարի խոստովանությամբ, իր կարգադրությամբ է, որ զորակոչվում են նույնիսկ հիվանդ զինվորները` նախ հոսպիտալ, ապա` ծառայության, ուստի նախարարն անմիջական պատասխանատվություն է կրում զինվորների առողջության համար։

 

Նախկին զինծառայողների ու ազատամարտիկների սոցիալական չլուծված խնդիրները նրանց փողոց էին հանել՝ տեւական նստացույցի: Խնդիրների լուծման համար ուղիներ որոնելու փոխաներն իշխանությունները փորձեցին լռեցնել բողոքի ձայնը` ձերբակալելով Վոլոդյա Ավետիսյանին: Անազատության մեջ են հայտնվել նաև այլ ազատամարտիկներ, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հանուն ՀՀ ինքնիշխանության ու Մաքսային միությանը ՀՀ անդամակցության դեմ։ Սա բացասական տպավորություն է ստեղծում զինվորական ծառայության համար ստանալիք վարձքի հեռանկարների մասին։

 

Մենք անընդունելի ենք համարում իշխանությունների գործելաոճը բանակում, որը ճակատագրական է դառնում շատ զինծառայողների համար։ Գտնում ենք, որ արմատական բարեփոխումները ծայրահեղ հրատապ են եւ պահանջում են կադրային արմատական փոփոխություններ եւ արմատապես նոր մոտեցումներ` հաշվի առնելով անկախ փորձագետների եւ քաղաքացիական հասարակության առաջարկներն ու տեսակետները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ