Շաբաթ , 21 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Clear
    21°
    Home » Լուրեր » «Կարգին Հայկոն պետք է 300 տարի աշխատի, որ էդքան բարեգործություն անի ամեն օր». Աշոտ Աղաբաբյան

    «Կարգին Հայկոն պետք է 300 տարի աշխատի, որ էդքան բարեգործություն անի ամեն օր». Աշոտ Աղաբաբյան

    Հունվար 31, 2014 21:37 Լուրեր, Քաղաքական A+ / A-

     

    hayk-marut

    ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը կարծում է, որ բարեգործությունը, մարդուն օգնելը հոգու հանգստություն է՝ նշելով, որ իր բարեգործությունների մասին ինքը չի բարձրաձայնում։ ««Կարգին» Հայկոն պետք է 300 տարի աշխատի, որ էդքան բարեգործություն անի ամեն օր»,– Tert.am-ի զրույցում ասաց նա։ Տարածաշրջանային զարգացումների մասին ասում է, որ լրիվ անկախ երկրներ առհասարակ չկան, իսկ ՄՄ–ն ՀՀ–ին հնարավորություն է տալիս, որ «արտադրենք ոչ թե 10, այլ 110 հատ»:

     

    -Պարոն Աղաբաբյան, դերասան «Կարգին» Հայկոն բարեգործություն է անում՝ 1 տարի պետք է անապահովներին կերակրի, ինչից հետո հնչեց առաջարկ, որ թող մեր օլիգարխները օրինակ վերցնեն նրանից: Ազգային ժողովում հայտարարագրված դոլարային, նաև «եվրոյային» միլիոնատերեր են…

     

    -Ինչու՞ դրամային չէ, որ դոլարային, եվրոյային…Ինչո՞ւ եք այդքան կոպիտ վերաբերում դրամին: Ու ասեմ, որ իմ բարեգործությունները, որ բարձրացնեմ վերև, «Կարգին» Հայկոն պետք է 300 տարի աշխատի, որ էդքան բարեգործություն անի ամեն օր: Բայց ես չեմ արտահայտվում, ես ցույց չեմ տալիս: Մեզ պետք չէ, որ մենք Ձմեռ պապի դառնանք, եսիմ ինչեր անենք, որ մեր անունը բարձրանա: Դա քո հոգու հանգստությունն է, մարդու օգնելը: Հասկանում ե՞ք, Հայկոն մինչև էսօր չգիտի՝ վատությունն ի՞նչ բան ա: Անում են վատությունն ու անցնում էն կողմ, իսկ մենք վատություն չենք անում, մենք ընդամենը կարող ա Հայկոյի լավությունից անենք: Ես չեմ ասում, որ Հայկոն լավություն չի անում, բայց երբ որ լավություն ես անում, պիտի վատության արդյունքն էլ իմանաս:

     

    -Այսինքն՝ Դուք վարվում եք այնպես, ինչպես Աստվածաշնչում, երբ անում ես ու չես բարձրաձայնում… Բայց նախընտրական շրջանում երբևէ չի՞ եղել, որ արել և ներկայացրել եք:

     

    -Ես ընդհանրապես չեմ արտահայտվում:

     

    -Իսկ լավ չի՞ լինի, որ Հայկոյից ԱԺ որոշ պատգամավորներ օրինակ վերցնեն:

     

    -Իհարկե լավ կլինի: Հայկոն լավ բան է անում, բայց իրեն մի համեմատեք էդ մարդկանց հետ, Հայկոյի տասը մատը… իր մատերը տասը հատ են, բայց կարող է՝ մի հատ օլիգարխի մատերը 1000 հատ են, բայց 10 հատ ա անում:

     

    -Տասը մատի չափով է անում:
    -Պետք չէ ռեկլամ անել սրան, նրան: Բոլորն իրենց չափով են անում, ես չեմ կարծում, որ որևէ հարուստ մարդ ինքը բարեգործություն չի անում: Նայած՝ ով ինչքան է ցույց տալիս, բարեգործը պետք է իրա համեստ գործը անի:

     

    -Պարոն Աղաբաբյան, իբրև պատգամավոր, իբրև նախկին ազատամարտիկ ի՞նչ եք զգում, երբ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը հայտարարում է, որ Հայաստանը ներկայումս ԵՄ-ի հետ առևտրային բանակցություններ չի վարում, իսկ ՄՄ-ի մեջ մտնելուց հետո էլ արդեն որպես առանձին երկիր բանակցություններ չենք կարող վարել, այլ միայն ՄՄ-ն ունի ԵՄ-ի հետ բանակցելու իրավասություն:

     

    -Իսկ ինչո՞ւ պետք է ես տենց բարդ վերցնեմ խնդիրը: Ու ասեմ, որ ընդհանրապես աշխարհում տենց լրիվ անկախ երկիր չկա, ԱՄՆ-ը նույնիսկ տենց անկախ երկիր չէ, ու մենք ուզում ենք անկա՞խ լինենք: Տնտեսական փոխհարաբերություններն էնպիսին են, որ այսպես թե այնպես առաջանում է կախվածություն և ըստ որում՝ փոխշահավետ: Ինչ վերաբերում է, որ եվրոպական տարածքների հետ չենք կարող շփվել, ինքը սխալվում է, ոչ թե սխալվում է, այլ չի մեկնաբանում, որ ուրիշ գներ, ուրիշ փոխհարաբերություններ են, բայց ինչպե՞ս կարող ենք փոխհարաբերություն չունենալ Եվրոպայի հետ:

     

    -Նաև այսօր ռուսական առաջին ալիքի լրագրող Անդրեյ Սորոկինը Մաքային միության ու Եվրասիական տնտեսական տարածքի համատեքստում բացեիբաց հայտարարել էր, որ կա նախկին ԽՍՀՄ-ի վերականգնման ծրագիր պուտինյան Ռուսաստանում:

     

    -Սովետական միությունը մոռացե՛ք, դա անցյալ է: Հիմա պատկերացրեք, մենք մտնում ենք Մաքսային միություն, ի՞նչ է, հիմա հանրապետականները պետք է ուրիշ կուսակցություն դառնա՞ն: Մի բան, որ գնացել է, դա հետ չի դառնալու:

     

    -Բայց չէ՞ որ գոյություն ունի նման բան՝ լավ մոռացված հին:

     

    -Չէ, չէ, հավաստիացնում եմ, որ Հայաստանն ինքն իր ինքնուրույնությունը ոչ մեկին չի տա: Ինչ մնում է տնտեսական փոխհարաբերություններին, աշխարհով մեկ բոլորն էլ նման փոխհարաբերություններ ունեն և պաշտպանում են: Ու եթե Հայաստանի համար լավ են այդ տնտեսական հարաբերությունները, մենք ո՞նց կարող ենք չմասնակցել:

     

    -Իսկ ինչո՞ւ եք վստահ, որ «լավ են»: Բոլոր մնանացած փաստարկներին այսօր գումարվել է առնվազն 800 անուն ապրանքներ, որոնք երրորդ երկրներից ներկրվելու դեպքում ունենալու են շատ ավելի բարձր մաքսատուրքեր, քան ներկայում, կամ ինչպես երեկ Tert.am –ի հետ զրույցում բացատրեց Ձեր հանրապետական գործընկեր Գագիկ Մինասյանը, ունենալու ենք դրանց «մաքսային» այլընտրանքը, ՄՄ-ի երկրներում արտադրվածի անալոգները: Պատկերացրեք՝ սպառողը կամ արևմտյան արտադրության մեքենայի համար աստղաբաշխական մաքսատուրք է տալու կամ ստիպված է գնել դրա, օրինակ՝ բելառուսական, ղազախական անալոգը:

     

    -Մի բան հարցնեմ՝ ընդհանրապես մեքենան ի՞նչ է:

     

    -Շքեղության առարկա:

     

    -Ոչ, տրանսպորտային միջոց: Երկրորդ՝ հիմա, եթե նման հարցեր են առաջ քաշվում, բնականաբար, մեր արտադրատեսակներն էլ այնտեղ պետք է պարտադրվեն, չէ՞: Այսինքն՝ մենք էլ իրենց առաջարկելիքներ ունենք, և դրա արդյունքում մեր արտադրանքն էլ է վաճառվելու: Բա մեր արտադրանքը իրենք վաճառեն, մենք իրենցը չգնե՞նք: Շուկան, ինքն իրենից ներկայացնում է մի բան. փոխադարձ հարաբերությունների մեջ մտնել, և եթե առաջ ջուրը վերցնում էին Վրաստանից, Անգլիայից կամ որտեղից, կսկսեն Հայաստանից վերցնել: Կամ ուրիշ մթերքներ… Մեր մսամթերքները դուրս չեն հանում, կսկսենք հանել, այդ շուկան մերը կլինի:

     

    -Իսկ մինչև հիմա ինչու՞ մերը չէր:

     

    -Որովհետև մինչև հիմա Մաքսային միությունը չկար, էդ միության հետևանքով մենք բավականին լուրջ ձեռքբերումներ ենք ունենալու: Մի րոպե պատկերացրեք՝ մեքենան BMW է, դա Ռուսաստանն էլ է արտադրում, թող ռուսականը առնեն:

    Շարունակությունն այստեղ:

    scroll to top