Գլխավոր Քաղաքական ԱԳՆ խոսնակը՝ Մամեդյարովի հայտարարությունների և «Լավրովի պլանի» մասին

ԱԳՆ խոսնակը՝ Մամեդյարովի հայտարարությունների և «Լավրովի պլանի» մասին

20
0

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը՝ կապված ԼՂ հակամարտության և մասնավորապես «Լավրովի պլանի» հետ։

«Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ ներկայացվել է։ Վերջին անգամ Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարարը ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչումն է։ Ինքնորոշման իրավունքը, որը պետք է իրականացվի առանց սահմանափակման և հարկադրման»,- նշեց ԱԳՆ խոսնակը։

Ըստ Նաղդալյանի՝ այն դիրքորոշումը, որը կխոչընդոտի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, ընդունելի չէ ՀՀ համար։

Ինչ վերաբերում է անվտանգության վերաբերյալ ձևակերպումներին․ «Ադրբեջանը 30 տարուց ավելի տևող իր հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ որևէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը,- ասաց նա՝ հայտարարելով,- Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, և Արցախի անվտանգությունը հնարավոր չէ զիջման»։

Ըստ Նաղդալյանի, ադրբեջանական կողմը ընկալումների հետ կապված երևի խնդիր ունի կամ ձևացնում է՝ իր առավելապաշտական դիրքորոշումն արտահայտելու համար։

Հարցին՝ ի՞նչ փաստաթուղթ է քննարկվում այսօր բանակցային սեղանին, պատասխանեց․ «Բազմիցս ենք նշել, ներկա պահին որևէ փաստաթուղթ չի քննարկվում»։