Գլխավոր Արցախ ԱԳՆ խոսնակի արձագանքը Ալիևի հայտարարությանը

ԱԳՆ խոսնակի արձագանքը Ալիևի հայտարարությանը

22
0

«Ցանկանում եմ անդրադառնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը նա արել է մի քանի օր առաջ, մեջբերում եմ՝ «տարածքների ազատագրումից հետո դրանք կվերակառուցվեն, ինչպես եղավ ԼՂԻՄ-ի Շիխարխ բնակավայրի հետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ի պատասխան նշելով, որ Շիխարխը Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղն է:

«Ադրբեջանի նախագահը հիշատակում է Լեռնային Ղարաբաղի երբեմնի ծաղկուն, ամբողջությամբ հայկական, 5 հազար հայ բնակչություն ունեցող Մարաղա բնակավայրը, որի բնակչությունը 1992 թվականին ոչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, իսկ բնակավայրը մինչև այս պահը շարունակում է մնալ Ադրբեջանի օկուպացիայի տակ:

Այժմ Ադրբեջանի նախագահը ի լուր աշխարհի նշում է, որ այդ բնակավայրը վերակառուցվել է և բնակեցվել ադրբեջանցիներով:

Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահն այս հայտարարությունն արել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ադրբեջանական մոտեցման համատեքստում և ներկայացրել է որպես լուծման լավագույն տարբերակ և տեսլական՝ նշեց ԱԳՆ խոսնակը:

ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծեց, որ իրականում հենց այս տեսլականի ներկայացումը ի ցույց է դնում, որ Ադրբեջանի մոտեցումն այն է, որ նա ցանկանում է Արցախն առանց իր բնիկ ժողովրդի և բնակչության:

«Խնդրի կարգավորման Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝ ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե խաղաղության, այլ ուրիշ ժողովուրդների նկատմամբ բռնության իրականացման: Սա առավել ընդգծում է Արցախի ժողովրդի ֆիզիկական, էքզիստենցիալ  անվտանգության հարցի նկատմամբ մեր առաջնահերթությունը»,- ընդգծեց Աննա Նաղդալյանը՝ հավելելով, որ  Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը երբևէ թույլ չի տա Արցախում նոր վայրագություններ, ցեղասպան նոր գործողություններ:

«Դրանց դիմակայումը համահայկական խնդիր է, որը լավագույնս ձևակերպվել է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Արցախի ժողովրդի առջև Հայաստանի Հանրապետության իշխանությունների  ստանձնած հանձնառությամբ: Սա հստակ արձանագրենք»,- եզրափակեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ