Գլխավոր Uncategorized Ադրբեջանում նախաձեռնված «սպիտակ հեղափոխության» հնարավոր նպատակները

Ադրբեջանում նախաձեռնված «սպիտակ հեղափոխության» հնարավոր նպատակները

25
0

Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցության քաղաքական խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում որոշում էր ընդունվել՝ հանդես գալ գործող խորհրդարանը լուծարելու առաջարկությամբ: Նման որոշումը հիմնավորվել էր «նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակով», քանի որ Միլլի Մեջլիսի ներկա կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին:

Դեկտեմբերի 2-ին Միլլի Մեջլիսն ընդունել էր խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահին ուղղված դիմումը: Նախագահը դիտարկել է նամակը և խորհրդարանը լուծարելու վերաբերյալ հարցում է ուղարկել Սահմանադրական դատարան: Դեկտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանի պլենումը  հաստատել էր, որ Միլլի Մեջլիսի լուծարման մասին որոշումը համապատասխանում է Ադրբեջանի սահմանադրությանը, որից հետո՝ դեկտեմբերի 5-ին, նախագահ Ալիևը խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։ Արտահերթ խորհրդարանական  ընտրությունները նշանակվել են 2020թ. փետրվարի 9-ին: Հարկ է հիշեցնել, որ Ադրբեջանում հերթական խորհրդական ընտրությունների անցկացումը նախանշված էր 2020թ. նոյեմբերին:

Նախ և առաջ պետք է հավաստել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման անակնկալ և հապճեպ գործընթացն իր ձևով, նաև բովանդակությամբ որոշակիորեն հիշեցնում է 2018թ․ Ադրբեջանի նախագահի ընտրությունների սցենարը, որի միջոցով իշխանությունը ձգտում է հնարավորինս սահմանափակել ընդդիմության հնարավորությունները։ Կասկածից վեր է, որ ընտրությունների՝ նախանշված ժամկետից մի քանի ամիս առաջ և հապճեպ  անցկացմամբ, առանց այն էլ խիստ սահմանափակ ռեսուրսներ ունեցող Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերը, նաև տեխնիկապես զրկվելով հավուր պատշաճի քվեարկությանը նախապատրաստվելու հնարավորությունից, արձանագրելու են սպասվածից ցածր արդյունքներ։

Այս պայմաններում ընդդիմության շրջանում առարկայական քննարկումներ են ծավալվել՝ ընտրություններին մասնակցելու հարցի առնչությամբ: Գերակշռում է այն դիրքորոշումը, որ իշխանությունները հնարավոր ամեն բան անելու են ընտրությունները կեղծելու և իրենց անվիճելի հաղթանակն ապահովելու համար: Բայց և այնպես, ցայժմ հնչած տեսակետների համաձայն՝ ընդդիմության գործելաոճի հետ կապված միասնական մոտեցում չի արձանագրվել: Որպես օրինակ՝ ընդդիմադիր «Ժողճակատ» և «Մուսավաթ» կուսակցություններն ընտրություններին իրենց հնարավոր մասնակցությունը պայմանավորում են իշխանությունների կողմից ընտրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությամբ, մինչդեռ «ՌԵԱԼ» («Հանրապետական այլընտրանք կուսակցություն») դիրքորոշումն առավելապես ընտրություններին ակտիվ մասնակցության ապահովման օգտին է:

Ընդհանուր առմամբ, ադրբեջանական քաղաքական և փորձագիտական շրջանակներում այս զարգացումները դիտարկվում են որպես վերջին շրջանում իշխող վարչակարգի ինքնամաքրման և արդիականացման գործընթացի տրամաբանական շարունակություն: Ասել է, թե՝ նոր խորհրդարանի ձևավորման քայլը ևս հիմնականում մեկնաբանվում է իշխանության վերարտադրման և կլանային պայքարի հարթություններում, համաձայն որի՝ Ադրբեջանի առաջին տիկնոջ և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի դեմքով հանդես եկող «Փաշաևների» կլանը վստահ հաղթանակ է արձանագրում առավել պահպանողական «Նախիջևանյան» և «ԵրԱզների» (Հայաստանում ծնված, այնուհետև Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիների) կլանների նկատմամբ, որի վերջնարդյունքն է լինելու երկրի ամբողջական իշխանությունը Ալիևայի ձեռքին կենտրոնացնելը:

Բացի վերոնշյալից, այդուհանդերձ պետք է փաստել, որ Ալիևի գլխավորած կլանային վարչախումբը բավական զգուշավոր է, լուրջ անհանգստություն ունի սեփական անվտանգության առումով հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղ գտած տարաբնույթ բողոքի գործողությունների, հասարակական համընդհանուր դժգոհությունների ֆոնին։ Հետևաբար, երկրի իշխանության բոլոր թևերում իրականացվող արդիականացման գործընթացը կարելի է բնութագրել նաև՝ որպես իշխանությունների կողմից նախաձեռնված, այսպես կոչված, «սպիտակ հեղափոխության» փորձ: Բաքվի վարչակարգը, իրավացիորեն, լուրջ մտավախություն ունի, որ ժամանակակից աշխարհում բավական թրենդային քաղաքական և քաղաքացիական շարժումները, որոնք բառի ուղիղ իմաստով մոտենում են նաև Ադրբեջանին, պարբերաբար դրսևորվում են նաև այդ երկրի տարածքում, մի օր որևէ պատճառով, որևէ առիթով ավելի մեծ ալիք են ստանալու, որին դիմագրավելու միակ արդյունավետ ճանապարհը զանգվածային ուժի կիրառումն է լինելու։ Իսկ դրա համար անհրաժեշտ է լինելու իրավական հիմնավորում՝ դիցուք խորհրդարանական ընտրությունների շատ կանխատեսելի արդյունքները, որոնք փաստացի արձանագրելու են ընդդիմադիր քաղաքական ուժերի ժողովրդականության գրեթե զրոյական մակարդակն ադրբեջանական հասարակության շրջանում։

Վերոնշյալի համատեքստում, այնուամենայնիվ, պետք փաստել, որ առնվազն վերջին երեք դեպքերում՝ Լիբանանում, Իրաքում, անգամ Իրանում բողոքի գործողությունների քաղաքական բաղադրիչը հստակ կերպով ուղղված է գործող քաղաքական համակարգերի դեմ՝ որպես անզիջում պահանջ առաջադրելով ամբողջական բովանդակային փոփոխություն: Եվ ներկայում ծավալվող գործընթացներն էլ ցույց են տալիս, որ, օրինակ Լիբանանի և Իրաքի դեպքում, գործող համակարգերի կոսմետիկ վերափոխումներն անգամ ի զորու չեն փրկելու հասարակություններում խորը հիասթափություն, ձանձրույթ ու հակակրանք առաջացրած կոռումպացված վարչակարգերին։

Հայաստանի տեսանկյունից, հարևան ոչ բարեկամական երկրում տեղի ունեցող զարգացումները պետք է կարևորել  նաև արցախյան հիմնախնդրի համատեքստում: Չի բացառվում, որ նախաձեռնված գործընթացների բարեհաջող ավարտից հետո երկրի ներսում ավելի ուժեղացած վարչախումբը որոշակի շրջափուլում Արցախի հարցում դիմի իր համար նպատակահարմար գործելաոճի, այդ թվում նաև՝ արկածախնդրության: