Գլխավոր Աշխարհ Ադրբեջանցի Էյվազովի և հայազգի երգչուհի Ռուզաննա Մանթաշյանի շուրջ առաջացած սկանդալի սենսացիոն լուծումը

Ադրբեջանցի Էյվազովի և հայազգի երգչուհի Ռուզաննա Մանթաշյանի շուրջ առաջացած սկանդալի սենսացիոն լուծումը

18
0

Երեկ՝ հունվարի 21-ին, ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանին զանգահարել է Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար դոկտոր Հանս-Յոհախիմ Ֆրեյը և հայտնել իր վերջնական որոշման մասին՝ կապված փետրվարի 7-ին Դրեզդենի Semper Opera Ball-ում հայազգի փայլուն երգչուհի, հայտնի սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցության վերաբերյալ, որը, ինչպես գիտենք՝ չեղարկվել էր ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի խայտառակ վարքի հետևանքով, երբ հայտարարել էր, որ հանդես չի գա հայ երգչուհու հետ նույն բեմում։ Սակայն ազերի երգիչը վախենալով բարձրացված բողոքի ալիքից և ճնշումներից, ինչպես նաև ազգայնամոլական և ազգային դիսկրիմինացիայի հարցերում ստացած լուրջ մեղադրանքներից՝ սկսեց կեղծել իր նախապես կատարած հայտարարությունը։

Ինչպես ակնկալվում էր՝ նա իրեն ուղղված մեղադրանքներին չկարողացավ բավարար պատասխան տալ, սակայն այս պատմության մեջ մեղադրանքներ հնչեցին նաև Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար դոկտոր Հանս-Յոհախիմ Ֆրեյի հասցեին։ Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, պրն․ Ֆրեյն անմիջապես արձագանքել էր ԵՀՄՖ նախագահի հայտարարությանը և առաջարկել քննարկել կոմպրոմիսային տարբերակ (տե՛ս հղումը՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1639340792874856&id=915130191962590)։ Սակայն երեկ երեկոյան՝ դոկտոր Գրիգորյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ դոկտոր Ֆրեյը տեղեկացրել է, որ երկօրյա քննարկումների արդյունքում որոշում են ընդունել՝ վերականգնել Ռուզան Մանթաշյանի՝ Semper Opera Ball-ի բացման արարողության տրված պատիվը և խնդրել է ԵՀՄՖ նախագահին՝ այդ մասին հայտնել հանրությանը, ինչպես նաև Ռուզաննա Մանթաշյանի գործակալության՝ Agence Massis Opéra-ի ղեկավար Ռենե Մասսիսին։ Դոկտոր Ֆրեյն իր խոսքում նշել է նաև, որ այդ որոշման մասին Էյվազովն արդեն տեղեկացված է։

Պրն․ Ֆրեյի հետ զրուցելուց հետո պրն․ Գրիգորյանն այդ զարմանալի և սենսացիոն լուրը հայտնել է պրն․ Ռենե Մասսիսին՝ խնդրելով՝ տալ պատասխան։ Այսօր մենք կլսենք Ռուզան Մանթաշյանի պատասխանը, սակայն նախապես ուզում ենք հայտնել, որ անկախ պատասխանի դրական կամ բացասական լինելուց՝ ԵՀՄՖ նախագահությունը հայտնում է իր շնորհակալությունը դոկտոր Ֆրեյին իր ազնիվ վարքի և արդարացի լուծման համար։
Միաժամանակ ուզում ենք շեշտել, որ՝
– մշակույթի մեջ ազերական էյվազովյան անհասկանալի ազգայնամոլական քայլերը ապագայում ևս կպատժվեն ժողովրդավարական հասարակության կողմից,
– ապացուցվեց, որ այս սկանդալի հիմքը և պատճառը ամբողջովին ազերու կողմից իրարարամերժ հայտարարություններ անելու հետևանք էր և կապ չուներ Semper Opera Ball-ի ղեկավարության իրական դիրքորոշման հետ։

ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը հայտնում է, որ այսօր սպասում են Semper Opera Ball-ի կողմից ասվածի գրավոր հաստատմանը, որից հետո այս հայտարարությունը կներկայացվի նաև օտարերկրյա մամուլին։

ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը իր խորին շնորհակալությունն է հայտնում սկանդալի փայլուն հանգուցալուծման մեջ կարևոր դեր ունեցած՝ աշխարհի պրոֆեսիոնալ բռնցքամարտի բազմակի չեմպիոն, մեծանուն հայազգի մարզիկ պրն․ Արթուր Աբրահամին, և իր խորհուրդներով հսկայական օգնություն ցուցաբերած՝ հայազգի խոշորագույն երգիչ պրն․ Բարսեղ Թումանյանին։

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն