Գլխավոր Աշխարհ Ահաբեկչության նախապատրաստման մեղադրանքով Գերմանիայի ոստիկանությունը երեք կասկածյալի է ձերբակալել

Ահաբեկչության նախապատրաստման մեղադրանքով Գերմանիայի ոստիկանությունը երեք կասկածյալի է ձերբակալել

22
0

Գերմանիայի Հեսսեն նահանգի Օֆֆենբախ քաղաքում ոստիկաների կողմից իրականացված գործողությունների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երեք ենթադրյալ անդամներ են ձերբակալվել: Այս մասին հաղորդում է Tass-ը:

Բերման ենթարկված 21-24 տարեկան անձինք ենթադրաբար ծրագրել են հարձակում իրականացնել երկրի արևմուտքում՝ օգտագործելով պայթուցիկ նյութեր և հրազեն: Հիմնական կասկածյալը մակեդոնական ծագմամբ՝ Գերմանիայի 24-ամյա քաղաքացի է: Նա նյութեր է գնել ռումբերի արտադրության համար և փորձել է ձեռք բերել ատրճանակներ: Մյուս կասկածյալները Թուրքիայի քաղաքացիներ են:

Հետաքննության համաձայն, ենթադրյալ ծայրահեղականները երրորդ անձանց հետ զրույցներում բազմիցս իրենց անվանել են «Իսլամական պետության» կողմնակիցներ:

«Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ ապացույցներ` գրավոր նյութեր և թվային տեղեկատվության կրիչներ»,- ասվում է դատախազության տարածած մամլո հաղորդագրության մեջ: Բացի այդ, հիմնական կասկածյալի բնակարանում հայտնաբերվել են «պայթուցիկ միջոցների հետ կապված նյութեր» և մի շարք գործիքներ:

Ձերբակալման գործողությանը մասնակցել են  իրավապահ մարմինների 170 աշխատակիցներ: Օրվա ընթացքում քննող դատավորը որոշում կկայացնի երեք կալանավորված անձանց բանտ տեղափոխելու վերաբերյալ: