Գլխավոր Հասարակություն Ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի ստեղծագործությունների վրացերեն թարգմանությունը հանձնվեց ընթերցողին

Ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի ստեղծագործությունների վրացերեն թարգմանությունը հանձնվեց ընթերցողին

10
0

«Տասը հեքիաթ», «Թումանյան 150», «Հովհաննես լուսեղեն» գրքերը կարող են լավագույն նվերը դառնալ վրացախոս ընթերցողի համար՝ Հովհաննես Թումանյանի գործունեությունն ու կյանքը, Վրաստանի հանդեպ հայ պոետի փոխադարձ սերն ու երկու ազգերի բարեկամությունը ճանաչելու համար։

Մեծն լոռեցու 150-ամյակի հետ կապված Վիրահայոց թեմի միջոցառումների շարքը համալրվեց Թումանյանի երեք ժողովածուների վրացերեն թարգմանված գրքերի շնորհանդեսով, որը կայացավ Վրաստանի մշակույթի նախարարությունում՝ Վիրահայոց թեմի և նախարարության, ինչպես նաև Վրաստանի գրողների միության նախաձեռնությամբ:  Այս մասին գրում է aliq.ge-ն։

Հայ-վրացական գրական կամուրջ դարձած Թումանյանի երկերը հնչեցին հայերեն, վրացերեն լեզուներով, ազգերի բարեկամության խոսքեր հնչեցին երկու երկրները ներկայացնող հյուրերի կողմից, բազմիցս կարևորվեց ամենայն հայոց բանաստեղծի սկսած գործը շարունակելու և հայ-վրացական կապերն ամուր պահելու գաղափարը:

Երևանում գործող Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ հատուկ արտադրված 150 ոսկե մեդալներից երեքը շնորհեց բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարին, Թումանյանի տուն գիտամշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանին և Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլիին:

Հատկանշական է նաև, որ Վիրահայոց թեմը ևս այս կապակցությամբ ստեղծված 10 մեդալներից 10-րդը շնորհեց վիրահայոց թեմի առաջնորդի տեղապահ Տեր Կիրակոս Վարդապետ Դավթյանին:

Միջոցառմանը կից ներկայացվեց նաև Թումանյանի կյանքն արտացոլող բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը՝ կազմակերպված «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի կողմից: Այս լուսանկարները Հայաստանում ցուցադրվել են Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ նախաձեռնված գրեթե բոլոր միջոցառումների ժամանակ, իսկ Թբիլիսիում՝ առաջին անգամ: Սա նաև խորհրդանշական բնույթ էր կրում, հաշվի առնելով, որ Թբիլիսիում գործող Թումանյանի տունը բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի ու Վրաստանի գրողների միության նախագահի հետ մեկտեղ՝ Վիրահայոց թեմին է վերադարձվել նաև Արամ Անանյանի հոր՝ այն ժամանակվա ՀՀ գրողների միության նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի կողմից:

Ներկայացված գրքերից մեկի՝ «Թումանյան 150»-ի հրատարակությունն իրականացվել է Վրաստանի մշակույթի նախարարության «Բազմազգ Վրաստան» նախագծի շրջանակներում, հեղինակներն են՝ Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին և «Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը, խորհրդատուն Երևանում գտնվող Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն է: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ թարգմանված բոլոր գրքերը տեղ կգտնեն թանգարանում՝ միջազգային թարգմանությունների համար նախատեսված հատուկ անկյունում:

«Թումանյան լուսեղեն» գրքում տեղ են գտել Թումանյանի՝ Վրաստանին և վրաց ժողովրդին նվիրված բանաստեղծությունները, հոդվածները և նամակները, ինչպես նաև վրացի գրողների՝ Թումանյանին ուղղված նամակները: Գիրքը կազմել է վրացագետ Հրաչյա Բայրամյանը:

«Տասը հեքիաթ» ժողովածուում տեղ են գտել Թումանյանի այն հեքիաթները, որոնք թարգմանվել են վրաց գրող Իոսեբ Գրիշաշվիլիի կողմից, ինչպես նաև դրանց կցվել են բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարի թարգմանած հեքիաթները:

Գրքերի առաջին շնորհանդեսը կայացել էր Նինոծմինդայում: Վիրահայոց թեմում Թումանյանի ու Կոմիտասի 150-ամյակների կապակցությամբ միջոցառումները համակարգելու նպատակով հատուկ հանձնաժողով էր ստեղծվել դեռևս մեկ տարի առաջ: Միջոցառումների շարքը մեկնարկեց 2019 թվականի փետրվարին՝ Թումանյանի ծննդյան օրը: