Գլխավոր Հասարակություն Աշխարհը, ցավոք, մեզանից ավելի լավ է մեզ ճանաչում…Վահրամ քահանա Մելիքյան

Աշխարհը, ցավոք, մեզանից ավելի լավ է մեզ ճանաչում…Վահրամ քահանա Մելիքյան

64
0

Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուշադիր հետևելով խորհրդարանական քառօրյային՝ ցանկանում եմ արձանագրել հետևյալը. աշխարհը, ցավոք, մեզանից ավելի լավ է մեզ ճանաչում իբրև քրիստոնյա և քրիստոնեական հարուստ ժառանգության կրող ժողովուրդ:

Մարտի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցավ համազգային աղոթք և ժամերգություն, որի ավարտին Հայրապետը հանդես եկավ ժողովրդին ուղղված կոչով, որում մասնավորապես ասված էր.
«Սիրելի զավակներ Մեր, ամուր պահեցեք ձեր հույսը, անսասան՝ ձեր լույս հավատքը, զորացրեք ոգին աղոթական ու ապաշխարության և միմյանց հանդեպ սերն ու հոգածությունը, որպեսզի Աստված մեզ հաղթանակած դուրս հանի այս փորձությունից։ Հիշեք, որ անտարբերությունն ու անտեսումը կյանքում կարող են ավելի մեծ վնաս հասցնել, և առանց միմյանց հանդեպ ցուցաբերվող խնամքի ու օժանդակության անհնար է հաղթել որևէ վտանգ »:

Հոգևոր սննդի և մասնավորապես ազգի հոգևոր առաջնորդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձների պակաս հատկապես ստեղծված ծանր իրավիճակում չի նկատվում: Ավելին՝ Եկեղեցու կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում արարողությունների սփռման և համապատասխան անհրաժեշտ քարոզչության առումով մեր եկեղեցականները որդեգրում են առցանց հեռարձակումների միջոցները։ Գովելի է, որ դրան նպաստում են նաև պատկան պետական կառույցները և տարբեր լրատվամիջոցները: Ամեն օր Մայր Աթոռում, Հայաստանի և սփոյռւքի թեմերի եկեղեցիներում կատարվում են բժշկության աղոթքներ, որոնք ևս լայնորեն տարածվում են համացանցում: Ցավոք, որոշ մարդիկ այդ ամենը չեն նկատում, բայց ժրաջան քննադատում են։

Տեղեկացնեմ նաև, որ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ պարբերաբար գումարվում է եպիսկոպոսների ժողով, որի ընթացքում քննարկվում են համավարակի հաղթահարմանն ուղղված կարնխարգելիչ միջոցառումների շրջանակներում Եկեղեցու անելիքները և ծրագրվում բոլոր անհրաժեշտ քայլերը, ցուցումներ տրվում թեմերի առաջնորդներին և բոլոր եկեղեցականներին իրենց հովվական առաքելության առնչությամբ՝ նկատի ունենալով եկեղեցական ծիսակարգի և կանոնների բոլոր առանձնահատկությունները, նաև մշտական հորդոր հնչեցնելու՝ ստեղծված բարդ իրավիճակում հետևելու պետական կառույցների սահմանած կանոններին:

Շաբաթներ առաջ քննարկվել է նաև Մայր Աթոռում պահվող սրբազան մասունքների դուրս բերման հնարավորությունը և դրանց գործածությամբ համապատասխան կարգերի կատարումը: Այսպես օրինակ՝ առաջիկա շաբաթ օրը՝ Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին դուրս է բերվելու մեր հավատի հոր՝ Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը, որով կատարվելու է Մաղթանք մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար: Արարողությանը, որը դռնփակ է անցկացվելու, մեր ժողովուրդը հնարավորություն կունենա հետևելու առցանց:

Մնացյալ որոշումների վերաբերյալ նույնպես մեր հավատավոր ժողովուրդը ժամանակին պատշաճորեն կիրազեկվի:

Թող բոլորը վստահ լինեն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հոգևոր դասի կողմից իրականացվում է և կարվի ամենը մեր ժողովրդի հավատի զորացման ու լավատեսության ոգու ամրության, մեր ժողովրդի զավակների բժշկության, աշխարհում խաղաղ ու բարօր կյանքի վերականգնման համար:

Վահրամ քահանա Մելիքյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն»: