Գլխավոր Քաղաքական Աշխարհի մաս լինելը մեր մրցունակության բարձրացման ճանապարհն է

Աշխարհի մաս լինելը մեր մրցունակության բարձրացման ճանապարհն է

10
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում է երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը: Զուգահեռ նշվում է Հայաստանի դիվանագիտական դպրոցի գործունեության 10-ամյակը:

Վարչապետի խոսքով՝ դիվանագիտական ծառայությունը պետք է օգնի մեր երկրին, ժողովրդին, որպեսզի աշխարհը ավելի լավ հասկանա մեզ։

«Սրանով է պայմանավորված մեծապես, թե մենք ինչքանով համահունչ կլինենք այն պրոցեսներին, զարգացումներին, որոնք տեղի են ունենում աշխարհում, այն դեպքում, երբ այդ պրոցեսները համապատասխանում են մեր ազգային և պետական շահերին: Եվ ինչքանով կկարողանանք ճանաչել այդ պրոցեսները և կառավարել մեր շահերն այն դեպքում, երբ այդ գլոբալ պրոցեսները մեր շահերին հակադրվում են: Այս առումով շատ կարևոր է, որ մեր դիվանագիտական կրթությունը և ընդհանրապես ամբողջ կրթությունը մեր շրջանավարտներին տա աշխարհը, սեփական ժողովրդին ճանաչելու ավելի մեծ հմտություն»,- իր ելույթում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ զարգացող աշխարհում պետք է հաղորդակից լինենք այն գիտելիքին և հմտություններին, որոնք փոփոխվող աշխարհում ամեն օր տեղի են ունենում:

«Մենք պետք է կարողանանք ժամանակակից աշխարհում ունենալ մեր տեղը, մեր ինքնությունը, պահպանել, զարգացնել մեր ինքնությունը: Զարգացում ասելով՝ ես նկատի ունեմ հետևյալը, որ մենք հազարամյա պատմություն ունենք, բայց այդ պատմության մեջ հաջողված կարող են լինել այն հատվածները, որտեղ մենք ոչ թե լուսանցքում ենք եղել, այլ եղել ենք աշխարհի մաս՝ այդ աշխարհի ոչ բոլոր երևույթների հետ լինելով համաձայն, բայց այնուամենայնիվ աշխարհի մաս լինելը մեր մրցունակության բարձրացման ամենակարևոր ճանապարհն է: Եվ այս գործում է, որ մեր դիվանագիտությունը շատ մեծ դերակատարում ունի»,- ասաց նա: