Գլխավոր Բլոգ Առաջիկայում Արտաշատի պոլիկլինիկան կվերանորոգվի

Առաջիկայում Արտաշատի պոլիկլինիկան կվերանորոգվի

19
0

Կարեւոր մի գործ ենք սկսում: Առաջիկայում Արտաշատի պոլիկլինիկան բացառապես Արտաշատի ԲԿ-ի միջոցներով կվերանորոգվի, ինչի մասին խոսել էի նաեւ տարեվերջյան ասուլիսի ժամանակ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Ու այսպիսի «ճոխություն» կարողանում ենք մեզ թույլ տալ մարզի բուժհաստատությունների պարտքերի վերացման, համավճարով եւ վճարովի ծառայությունների մուտքերի գումարների ավելացման շնորհիվ (Արտաշատի ԲԿ-ում 2018 թվականին ունեցել ենք 216 միլիոն կրեդիտորական պարտք, որն այս պահին զրոյացված է: 2019 թվականին այս ԲԿ-ում մուտքերը կազմել են 422 միլիոն դրամ):

Շենքային պայմաններին ծանոթանալու համար էլ այսօր այցելել էի Արտաշատի պոլիկլինիկա: Անելիք աշխատանքներն այստեղ շատ են: Առաջիկայում կկազմվի նախագծանախահաշվարկ, որից հետո մրցույթ կանցկացվի, եւ կսկսվեն շենքի վերանորոգման աշխատանքները՝ փուլային եղանակով:

Ի դեպ, մարզի մյուս պոլիկլինիկաների շենքերի բարեկարգում նույնպես դիտարկում ենք: Համապատասխան ուսումնասիրություններ են արվում, որից հետո միայն կհասկանանք այդ պոլիկլինիկաներում նույնպես վերանորոգում սկսելու ժամկետները:

Հասնելու ենք նրան, որ մարզում բարեկարգ բուժհաստատություն ունենալը երազանք չլինի:

Ի գործ»,- գրել է մարզպետը:

Մարզպետի այդ գրառմանն արձագանքել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մարզային բժշկական կենտրոնների լավ կառավարումը եւ պետական պատշաճ ֆինանսավորումը թույլ են տալիս վերանորոգել եւ վերազինել դրանք։ Հերթը Արտաշատի ԲԿ պոլիկլինիկայի անմխիթար շենքինն է, որի մասին բազմաթիվ բողոքներ էինք ստանում։

Քայլ առ քայլ, մեր երկրի բոլոր բուժհաստատությունները վերանորոգվելու եւ վերազինվելու են։