Գլխավոր Մշակույթ Առաջին չինարեն Աստվածաշունչն ունի հայկական ծագում

Առաջին չինարեն Աստվածաշունչն ունի հայկական ծագում

93
0
First Bible translated into the Chinese language

Առաջին անգամ Աստվածաշունչը չինարեն է թարգմանվել հայի կողմից: Այս մասին հաղորդում է gbtimes.com-ը:

19-րդ դարի սկզբին Կալկաթայի Ֆորտ Ուիլյամի քոլեջը հիմնել էր բաժին, որն զբաղվում էր սուրբ գրքերը ասիական լեզուներով թարգմանելով: Այս աստվածաշնչյան եղբայրությունը իր կրթական և գիտական աշխատանքը չի սահմանափակել միայն հնդկական լեզուների ուսումնասիրությամբ՝ նպատակ ունենալով Սուրբ Գիրքը թարգմանել նաեւ չինարեն: Նրանց փնտրտուքը՝ քոլեջում հմուտ թարգմանիչ գտնելու, որը նաեւ չինարենին լավ տիրապետեր, պսակվում է հաջողությամբ. այդ անձնավորությունը Հովհաննես Ղազարյանն էր, հայտնի որպես Յոհաննես Լազար։

Համաձայն «Չինական շտեմարանի» չորրորդ հատորի՝ Ղազարյանը եղել է հարուստ հայ վաճառականի տղա, որ ծնվել է Մակաոյում:

Այլ աղբյուրները նշում են, որ նրա ծնողները երկու չին սպասավոր են ունեցել, որոնք նրան մանկության տարիներին չինարեն խոսել են սովորեցրել, և որ նրա հայրը հետագայում ուսուցիչ է վարձել Գուանչժուից, որը պատմականորեն հայտնի է որպես Կանտոն:

Շատ բան հայտի չէ Ղազարյանի մասին՝ նախքան նրա պաշտոնական լիազորությունների ստանձնումը Գուանչժուում. նա խմբագրում էր այն ստացականները, որոնք Պեկինի դատարան էին ուղարկում պորտուգալացիները: Գուանչժուն Մակաոյից հետո երկրորդ պորտուգալական առևտրային բազան էր:

Ղազարյանը գերազանց տիրապետել է նաև անգլերենին ու պորտուգալերենին. ընդհանրապես հայերը բազմալեզու ազգ են:

1802 թվականին 24-ամյա Ղազարյանը գործերի բերմամբ գնում է Կալկաթա, սակայն այնտեղ հանդիպում է որոշ դժվարությունների: Այնուամենայնիվ, տեղեկանալով նրա չինարենի իմացության մասին, անգլիական իշխանությունները նրան հրավիրում են աշխատել որպես թարգմանիչ:

Կալկաթայի Ֆորտ Ուիլյամի քոլեջը և «Աստվածաշնչյան եղբայրությունը» ջերմորեն են ընդունում Ղազարյանին՝ ասելով, որ Չինաստանը Սերամփուր է եկել: Նա համաձայնեց ստանձնել գործը և սկսեց Աստվածաշնչի թարգմանությունը:

Ձեռքի տակ ունենալով Աստվածաշնչի ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն տարբերակները՝ Ղազարյանը սկսեց թարգմանել Ավետարանն ըստ Հովհաննեսի, Հոբի գիրքը, Ավետարանն ըստ Սուրբ Մատթեոսի, և որոշ գլուխներ երկու գրքերից էլ հրապարակվեցին:

1806 թվականի սեպտեմբերին Ֆորտ Ուիլիամ քոլեջի տնօրեն վերապատվելի Դևիդ Բրաունը Անգլիա ուղարկված իր նամակներից մեկում նշում է․ «Պրոֆեսոր Լազարն ինձ (Աստվածաշնչի)  երեք չինարեն օրինակ է ուղարկել՝ իր մտքի և ձեռքի աշխատանքը: Քանի որ նշված օրինակներն այս առավոտ են հապճեպ հրատարակվել, ես դրանք խիստ քննադատության չէի ենթարկի, սակայն պարոն Լազարը կատարյալ չինացի է և հրաշալի աշխատանք կատարած կլինի` թարգմանելով այդ լեզվով, եթե Աստված նրան հինգ-վեց տարվա կյանք տա: Նա Աստվածաշունչը և  ամեն ինչ այդ լեզվով կարդում է այնքան արագ, որքան դուք` անգլերեն, և նույնքան արագ էլ գրում է»:

1807-ին Լազարի (Ղազարյան) կողմից թարգմանված և ինքնուրույն գրված «Ավետարան ըստ Սուրբ Մատթեոսի» չինարենով լույս տեսած օրինակը փոխանցվեց Քանթերբերիի արքեպիսկոպոս Գրեյսին: Սրանք Բենգալի չինական համալսարանի առաջին արդյունքներն էին:

Լազարի թարգմանած Հին ու Նոր Կտակարանները հրատարակվել են 1815-1822 թվականներին Սերամփուրում: Սա Ավետարանի չինարեն հնագույն հրատարակումն է:

Թարգմանչությամբ հայերը զբաղվել են դեռևս 5-րդ դարից, և այդ ժամանակից ի վեր մինչ օրս նրանք նշում են Թարգմանչաց տոնը:

Հատկանշական է, որ ինչպես Հովհաննես Ղազարյանը, այնպես էլ նրա գրչակից ընկերները, ովքեր համարում էին  նրան «կատարյալ չինագետ», չէին էլ մտածում, որ անգնահատելի աշխատանք է նա կատարել: