Գլխավոր Տնտեսական Ավարտվեցին «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները

Ավարտվեցին «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները

10
0

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նաիրա Զոհրաբյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին գալիք տարի հատկացվելիք ֆինանսական միջոցները: Նախատեսվում է հատկացնել 514 մլն 200 հզր դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 61,5 միլիոնով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է հաջորդ տարի իրականացվելիք ծրագրերին: Նա տեղեկացրել է, որ աշխատակազմն այս տարի աշխատում է գերծանրաբեռնված, աճել է ՄԻՊ աշխատակազմին ուղղված դիմում-բողոքների թիվը: Ներկայացնելով տարբեր ուղղություններով կատարված աշխատանքները բանախոսն ընդգծել է, որ երկրի իրավական համակարգի կատարելագործման հարցերում ՄԻՊ աշխատակազմն ունի զգալի ներգրավվածություն: Արման Թաթոյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հնչեցրած հարցերին:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է պատգամավորներին, որ այսօր մինչեւ 18:00-ն առաջարկություններ ներկայացնելու վերջին օրն է: