Գլխավոր Լուրեր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը՝ առցանց հարթակում

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը՝ առցանց հարթակում

22
0

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ևս, ինչպես հանրապետության մյուս մշակութային օջախները, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության կապակցությամբ անցել է առցանց աշխատանքային ռեժիմի: Տուն-թանգարանը միացել է ՀՀ ԿԳՄՍՆ «Տնից՝ թանգարան» նախաձեռնությանը և մշակել է մի շարք առցանց ծրագրեր՝ նպատակ ունենալով շարունակել հանրահռչակել Արամ Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը, մեր հետևորդներին ներկայացնել դասական երաժշտության գոհարները, ապահովել տարբեր տարիքային խմբերի կրթամշակութային ներգրավվածությունը: Առցանց հարթակում մեր այցելուներին առաջարկում ենք «360 stories» ցանցում վիրտուալ շրջայց կատարել տուն-թանգարանում, ծանոթանալ տուն-թանգարանի մշտական ցուցադրությանը:

«Մեկ ցուցանմուշի պատմություն», «Թանգարանի ինտերակտիվ ձայնադարանից», «Տեսաֆիլմեր», «Ընթերցանության ժամ. Նամականի», շարքերը ներառում են լուսանկարներ՝ ուղեկցված հետաքրքրաշարժ պատմություններով, տեսանյութեր, վիկտորինայի ձևաչափով ինտերակտիվ հարցումներ և այլն: Նախատեսում ենք նաև մեր այցելուների շրջանում մեծ ոգևորություն և ճանաչում գտած «Հնչյուններ և գույներ» կրթական ծրագիրը նույնպես անցկացնել այս հարթակում: Մարտի 22-ին, ժամը՝ 14:00-ին բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման, հրավիրում ենք մասնակցելու այս ծրագրին: Համագործակցելով այլ թանգարանների հետ՝ տուն-թանգարանը ներգրավվել է նաև միջթանգարանային ծրագրերում: Տուն-թանգարանի աշխատակիցներն այս օրերին մշակում են նաև կրթական, ժամանցային այլ ծրագրեր, որոնք առավել գրավիչ կդարձնեն առցանց հարթակը:

Աննա Ասոյան

տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ