Գլխավոր Արցախ Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի հետ հարաբերության և նախագահական ընտրությունների մասին

Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի հետ հարաբերության և նախագահական ընտրությունների մասին

625
0

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ և պետական նախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների ֆավորիտ թեկնածուներից է:

Նախագահական ընտրություններից սպասվող արդյունքների, ՀՀ իշխանությունների հետ հարաբերությունների և մի շարք այլ հարցերի  մասին Araratnews-ը զրուցել է Արայիկ Հարությունյանի հետ:

Պարո՛ն Հարությունյան, «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարում ասել էիք՝ կհրապարակվի 2020-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին Ձեր կողմից առաջադրվող թեկնածուի անունը: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք գնահատում Ձեր քաղաքական ուժի հնարավորությունները:

Թող անհամեստություն չլինի, բայց, կարծում եմ, շատ բարձր, այլապես գուցեև նման որոշման չգնայինք: Այդ վստահությունը հաստատեցին սեպտեմբերի 8-ին Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որտեղ մեր կուսակցության անդամ և համակիր թեկնածուները ստացան ամենամեծ աջակցությունը՝ հանրապետության 228 համայնքներից 173-ում ընտրվելով համայնքի ղեկավարներ: Բացի այդ, գրեթե ամեն օր սոցիալական տարբեր խմբերի հետ եմ հանդիպում, որոնց մեծ մասը իրենց աջակցությունն է հայտնում մեր որդեգրած քաղաքական կուրսին ու այն ծրագրերին, որոնց մասին արդեն հայտարարել ենք: Այս օրերին հարյուրավոր քաղաքացիներ են դիմում նաև կուսակցությանն անդամագրվելու նպատակով, որոնց գերակշիռ մասը երիտասարդներ են: Սա նշանակում է, որ մարդիկ հավատում են մեզ, որ այն ճանապարհը, որով փորձում ենք առաջ տանել մեր երկիրը, ճիշտ ու ընկալելի է մարդկանց մեծ մասի համար: Ինչն էլ մեզ և՛ ոգևորում է, և՛ պարտավորեցնում:

Իսկ Ձեր քաղաքական թիմը պատրա՞ստ է արդյոք ստանձնելու երկրի կառավարման մեծ պատասխանատվությունը:

Եթե անկեղծ լինենք, ապա անցած ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում մեր քաղաքական թիմը նախագահ Բակո Սահակյանի կողմից մեծ բաժին պատասխանատվություն էր ստացել, որն, ըստ իս, պատվով ենք կատարել: «Ազատ հայրենիք» կուսակցությունը Արցախի քաղաքական դաշտում արդեն մեկուկես տասնամյակ ակտիվ գործունեություն է իրականացնում: Պետք է նշեմ, որ այդ ընթացքում երեք անգամ մասնակցել ենք խորհրդարանական ընտրությունների և ամեն անգամ ժողովրդի կողմից ստացել ավելի շատ քվե, քան նախորդներին: Համոզված եմ՝ վստահության այդ կապիտալն այսօր էլ չի պակասել: Երբեք չենք վախեցել հավակնոտ խոստումներից ու այսօր էլ նոր նշաձող ենք սահմանել այն ծրագրերի համար, որոնք պատրաստվում ենք իրականացնել: Այո՛, մենք կարող ենք, ու համոզված եմ, որ մեզ հավատում են…

Պարո՛ն Հարությունյան, շատ է խոսվում ՀՀ իշխանությունների հետ ունեցած Ձեր ջերմ հարաբերությունների մասին: Այդ խոսակցություններն ինչքանո՞վ են համապատասխանում իրականությանը, և եթե, իսկապես, այդպես է, ինչո՞վ է այն պայմանավորված:

— Ես երբեք չեմ թաքցրել ՀՀ իշխանությունների հետ իմ սերտ շփումները և կարող եմ վերահաստատել, որ հաճախակի հանդիպումներ եմ ունենում թե՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և թե՛ ՀՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Այդ հանդիպումները, բացի պարզ ու մարդկային հարաբերություններից, օգտակար են այն իմաստով, որ մեր երկրի առաջ ծառացած բազմաթիվ հարցեր ենք քննարկում:

 Կարո՞ղ ենք ենթադրել, որ Արցախից նախկին որոշ պաշտոնյաների կամ բարձրաստիճան զինվորականների կողմից ՀՀ իշխանությունների դեմ հնչող հայտարարություններին բացասական եք վերաբերվում:

Նախ պետք է ընդգծեմ, որ որևէ տարբերություն չկա, թե կարծիքը, հայտարարությունը կամ մեկնաբանությունը Արցախից է հնչում, թե, օրինակ, Գյումրիից: Հաջորդը՝ պետք է հստակեցնենք, թե խոսքն ինչի մասին է՝ առողջ քննադատությա՞ն, թե՞ չփաստարկված մտահոգությունների: Հստակ է, որ ՀՀ իշխանություններին ընտրել է ՀՀ ժողովուրդը, և ոչ ոք իրավունք չունի չհարգել այդ ընտրությունը: Եթե խոսքն այդ տրամաբանությունից դուրս է, ուրեմն այդ մարդիկ, իրավիճակին չեն տիրապետում:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ