Գլխավոր Հասարակություն Արարատի մարզպետը շրջայց է կատարել Արտաշատում գտնվող մթերքի վերամշակման նորաբաց գործարանում

Արարատի մարզպետը շրջայց է կատարել Արտաշատում գտնվող մթերքի վերամշակման նորաբաց գործարանում

18
0

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր այցելել է Արտաշատ քաղաքում գտնվող նորաբաց «Արտ պրոդուկտ» պտուղ-բանջարեղենի վերամշակման մինի գործարան։ Այդ մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքէջը:

Մարզպետը շրջել է արտադրամասում, ծանոթացել գործարանի պայմաններին, մթերքի վերամշակման գործընթացին և առաջիկա ծրագրերին։

Գործարանի շինարարական աշխատանքները սկսվել են 2018 թվականին: Այն, թեև առայժմ փոքր ծավալներով, գործում է նոյեմբերի 5-ից։ Մարզպետը կարևորել է վերամշակման գործարանների գոյությունը մարզում՝ շեշտելով, որ պատրաստ է ցուցաբերել օժանդակություն։

Ընկերության սեփականատեր Մանվել Դավթյանը մարզպետ Գարիկ Սարգսյանին ներկայացրել է, որ գործարանում այժմ աշխատում է մոտ 10 հոգի, նախատեսում են աշխատողների թիվը հասցնել մինչև 80-ի: Ամբողջ ներուժով աշխատելու դեպքում տարեկան արտադրական ծավալը կհասնի մինչև մեկ միլիոնի:

Արտադրելու են պահածոներ, թարմ հյութեր, Վրաստանից էլ բերելու են ֆեյխոա: Արդեն շուտով հայկական շուկայում կլինի նաև այս ընկերության արտադրանքը, այն կարտահանվի նաև Ռուսաստան: Ընկերության ղեկավարի խոսքով՝ առաջիկայում այստեղ նախատեսում են արտադրել նաև մրգային օղի։

Գործարանը գյուղացիներից մթերում կիրականացնի արդեն հաջորդ տարվանից։