Գլխավոր Հասարակություն Արդյոք գույքահարկը կբարձրանա. պարզաբանում են կադաստրի կոմիտեից

Արդյոք գույքահարկը կբարձրանա. պարզաբանում են կադաստրի կոմիտեից

50
0

Օրեր առաջ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում փոփոխություն անելու Կառավարության նախագիծը, որից հետո ենթադրություն եղավ, թե գույքահարկը  կբարձրանա:

Araratnews.am-ը նախագծի մասին զրուցեց կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանի հետ: Պաշտոնյան փարատեց քաղաքացիների մտահոգությունը՝ այս օրինագիծը գույքահարկի բարձրացմանը չի առնչվում: «Մենք ընդամենը սահմանում ենք անշարժ գույքի կադաստրային արժեքը: Օրինագծի ընդունումից հետո կլինի դրույքաչափի փոփոխություն, որից հետո պարզ կլինի՝ որքան կլինի գույքահարկը: Ակնկալում ենք, որ գույքահարկի համատարած բարձրացում չի լինի»,- ասաց կոմիտեի ղեկավարի տեղակալը:

Արայիկ Սահակյանը հիշեցրեց՝ ունենք կադաստրային արժեքներ, որոնք շուկայականից բավական ցածր են, քանի որ դրանց հաշվարկման կարգը, մեթոդաբանությունը հաստատվել են 1994 եւ 2002 թթ.: «Մենք էլի տեղ ունենք բարձրանալու՝ կադաստրային արժեքը շուկայականին հավասարեցնելու, բայց չենք անում, որպեսզի չլինի այնպիսի գույք, որի կադաստրային արժեքը շուկայականից բարձր լինի»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Ի՞նչ հաճախականությամբ պետք է վերանայել անշարժ գույքի կադաստրային արժեքը:  Արայիկ Սահակյանի  տեղեկացմամբ՝ կադաստրի կոմիտեն պարզեցրել է մեթոդաբանությունը: «Նախկինում  8 տիպի կարգ կար: Հիմա կարգերը երկուսն են: Բացի այդ, սահմանել ենք բազային արժեքներ՝ 1 քմ հողի համար՝ 330.000 դրամ, շինության համար՝ 700.000 դրամ: Ընդ որում, վերջինն ամենաբարձր արժեքն է, օրինակ՝ քաղաքի փոքր կենտրոնում էլիտար շենքի համար»,- պարզաբանեց կոմիտեի ղեկավարի տեղակալը:

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի խոսքով՝ նախագիծը երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո 2021 թ. հունվարի 1-ին կմտնի ուժի մեջ: «Մինչ այդ ֆինանսների նախարարության կողմից կմշակվեն գույքահարկի նոր դրույքաչափեր: Օրինակ՝ հիմա չհարկվող գույքահարկի շեմը մինչեւ 3 մլն դրամ է: Մենք այդ շեմը բարձրացնելու ենք, որպեսզի այն գույքը, որը նախկինում էլ չէր հարկվում, էլի չհարկվի: Կամ՝ եթե հարկը քիչ էին վճարում, դարձյալ քիչ վճարեն»,- շեշտեց Արայիկ Սահակյանը:

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը վստահեցրեց՝ միջին խավի համար այս օրինագիծը բեռ չի լինի: «Բարձրարժեք գույքի համար սա կլինի բեռ այնքան, որ նրանք կվճարեն գույքի կադաստրային արժեքին համապատասխան հարկ: Գույքահարկի ծանրությունը պետք է լինի շքեղ առանձնատների եւ արտադրական այն գույքերի համար, որոնք ժամանակին կոպեկներով սեփականաշնորհել են եւ չեն օգտագործում: Գույքահարկի ծանրությունը խթան կլինի չօգտագործվող գույքի սեփականատերերի համար, որպեսզի կամ  վաճառեն, կամ վարձով տան եւ երկրին օգուտ տան»,- ասաց Արայիկ Սահակյանը:

Իսկ հնարավո՞ր է շքեղ առանձնատան, արտադրական չօգտագործվող գույքի սեփականատերերը կարողանան խուսափել հարկը վճարելուց: Արայիկ Սահակյանը բացասական պատասխանեց՝ օրենքի ներկա եւ փոփոխված տարբերակները դրա հնարավորությունը չեն տալիս: Այլ հարց է, որ քաղաքական ինչ-ինչ կապերով մինչև թավշյա հեղափոխությունը կարողացել են շքեղ առանձնատան սեփականատերերը քիչ վճարել գույքահարկը: «Օրենքը բոլորի համար հավասար պետք է լինի»,- ավարտեց իր խոսքը կադաստրի կոմիտեի ղեկավար Արայիկ Սահակյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը», դեմ է այս օրինագծին, քանի որ, ըստ նրա, գույքահարկի չափը խորհրդարանը պետք է որոշի, ոչ թե Կառավարությունը:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ