Գլխավոր Լուրեր Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին

18
0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշարի» շրջանակում այսօր երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել Գյումրիին նվիրված՝ «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգ, որին ներկա են եղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հրավիրյալներ հանրապետության մարզերից: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը:

Համերգը Գյումրիի երաժշտարվեստը ներկայացնելուց զատ նաև հարգանքի տուրք էր 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին. մինչ համերգի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նրանց հիշատակը:

Նշվում է նաեւ, որ Գյումրիի երաժշտական ու արվեստի դպրոցների սաների կատարմամբ հնչել են դասական, գուսանական ու ժողովրդական ստեղծագործություններ:

Համերգի ավարտին նախագահ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով երկրաշարժի տարելիցի նախօրեին այս յուրահատուկ ու ինչ-որ առումով գեղեցիկ օրվա համար, ասել է. «Գեղեցիկ օր է, որովհետև մեկ անգամ ևս մեր երեխաները, նրանց ծնողները, տատիկներն ու պապիկներն ապացուցեցին, որ սերը, նվիրումը, աշխատասիրությունը, դրական վերաբերմունքը շատ ավելի հզոր են, քան անտարբերությունը, ծուլությունն ու թուլությունը: Մեկ անգամ ևս ապացուցեցին, որ կյանքն ավելի հզոր է, քան մահը,-ասել է նախագահը:- Գլուխ եմ խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առաջ, որ սրանից 31 տարի առաջ իրենց կյանքն ավարտեցին Կիրովականում, Սպիտակում և Լենինականում ու նաև այն բոլոր մայրերի, հայրերի, եղբայրների և քույրերի առաջ, որոնք չվհատվեցին և հավատացին, որ կյանքն ավելի հզոր է, քան մահը, և իրենց նվիրումը բերեցին իրենց զավակներին, թոռներին, որպեսզի կրկին ապացուցեն, որ Վանաձորը, Սպիտակն ու Գյումրին ընդմիշտ են»:

Հաջողություններ մաղթելով համերգի մասնակից գյումրեցի տաղանդավոր երեխաներին՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրանք կշարունակեն իրենց ծնողների գործը՝ պահպանելով իրենց հոգևոր ու ազգային արժեքները, մշակութային ժառանգությունը. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հպարտ գյումրեցու սիրտ ունի, և ուզում եմ այդ հպարտությունն ու սերը ձեր քաղաքի, ձեր մարզի, ձեր հավատքի, ձեր հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ կրեք ձեր ողջ կյանքի ընթացքում»:

Համերգի ավարտից հետո ներկաները հնարավորություն են ունեցել դիտելու նաև նախագահական նստավայրում բացված՝ գյումրեցի արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրությունը: