Գլխավոր Բլոգ Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է մանկական նստատեղերի նվիրատվության հարթակ

Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է մանկական նստատեղերի նվիրատվության հարթակ

46
0

Բոլոր այն ընտանիքները, ովքեր հնարավորություն չեն ունենա քարսիթ գնելու, կկարողանան դա փնտրել մանկական նստատեղերի նվիրատվության հարթակում:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Վերջինս նշել է, որ կյանքի է կոչվել իր առաջարկը, ստեղծվել է մանկական նստատեղերի նվիրատվության հարթակ: «Նախագիծը հնարավորություն կտա նվիրելու ձեր քարսիթը այն ընտանիքներին, ովքեր ունեն դրա կարիքը՝ թույլ տալով նրանց քարսիթի գումարը ծախսել այլ կարեւոր բաների վրա»,- մասնավորապես գրել է նա: 

Նաեւ հիշեցրել է, որ  պատահարի ժամանակ ճիշտ ամրակապված երեխան փրկվելու մի քանի անգամ ավելի մեծ շանսեր ունի, քան պարզապես մեքենայի մեջ առանց ամրակապվելու երթեւեկող երեխան։

Մուտք գործելով «donatecarseat.am» կայք՝ կարելի է տեսնել մի շարք հայտարարություններ, որտեղ նշվում է, թե մանկական նստատեղն ինչ վիճակում է, քանի տարեկան երեխայի համար է նախատեսված: Այն մարդիկ, ովքեր ունեն քարսիթ եւ ցանկանում են այն նվիրել այլ ընտանիքների, պետք է  մուտք գործեն համակարգ, ավելացնեն քարսիթի մասին տեղեկությունը եւ նվիրեն հետաքրքրվողներին:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ նախագիծը նաեւ թույլ կտա խթանել ընտանեկան փոխօգնության զարգացումը երկրում, որը կարող է վերաճել փոխադարձ հոգատարության ավելի մեծ շարժման։

Հիշեցնենք, որ երեխաների փոխադրումը մանկական պահող համակարգերով եւ անվտանգության ամրագոտիներով իրականացնելու որոշումը հանրության շրջանում բուռն քննարկումների տեղիք էր տվել: Փոփոխություն էր կատարվել կառավարության՝ 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման մեջ, որը վերաբերում է ճանապարհային երթեւեկության կանոններին, համաձայն որի՝ խստացվել էր մինչեւ 12 տարեկան երեխաների տեղափոխման պայմանները:

Ըստ այդ որոշման՝ մինչեւ 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթեւ մարդատար եւ բեռնատար ավտոմոբիլի խցիկում պետք է իրականացվի երեխայի քաշին եւ հասակին համապատասխանող մանկական պահող սարքերի օգտագործմամբ, իսկ 7-ից մինչեւ 12 տարեկան երեխաների փոխադրումը՝ երեխայի քաշին եւ հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի կամ անվտանգության ամրագոտիների օգտագործմամբ:

Ավելի ուշ նախարարը սեփական օրինակով է փորձել խթանել փոխօգնությունը: «Այս ամբողջովին նոր քարսիթը սպասում է իր փոքրիկին: Նախատեսված է 9-36 կգ քաշ ունեցող երեխաների համար։ Տալիս եմ մի պայմանով, որ վերցնողը խնամքով կօգտագործի եւ հետո նորից կփոխանցի ուրիշներին»,-ֆեյսբուքյան էջում մանկական նստատեղի լուսանկարը հրապարակելով՝ գրել է նախարարը: 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ