Գլխավոր Տնտեսական Արտահանման ծավալներն աճել են 7.9%-ով՝ կազմելով 1.9 մլրդ ԱՄՆ դոլար

Արտահանման ծավալներն աճել են 7.9%-ով՝ կազմելով 1.9 մլրդ ԱՄՆ դոլար

19
0
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների
կենտրոնն անդրադարձել է 2018-2019թթ. առաջին 9 ամիսների արտահանման դինամիկային:
Դիտարկվող ժամանակահատվածում արտահանման ծավալներն աճել են 7.9%-ով՝ կազմելով 1.9 մլրդ ԱՄՆ դոլար: Արտահանման ծավալների աճը հիմնականում պայմանավորված է դեպի ԵԱՏՄ երկրներ՝ 6.4% (կազմելով 532.6 մլն ԱՄՆ դոլար), ԱՊՀ այլ երկրներ՝ 32.9% (կազմելով 19.9 մլն ԱՄՆ դոլար) և այլ երկրներ (բացառությամբ ԵՄ երկրների)՝ 24.9% (կազմելով 897.3 մլն ԱՄՆ
դոլար) աճով, մինչդեռ դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալների 14.7% անկում է գրանցվել` կազմելով շուրջ 453 մլն ԱՄՆ դոլար:
Դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալների 6.4% աճը հիմնականում պայմանավորված է դեպի ՌԴ արտահանման ծավալների 6.8% աճով, մինչդեռ դեպի Ղազախստան արտահանման ծավալները 53.1% անկում են գրանցել:
Հետաքրքրական է նկատել, որ դեպի Ղրղզստան արտահանման ծավալները դիտարկվող ժամանակահատվածում աճել են 3.4 անգամ, իսկ Բելառուսի պարագայում՝ 22.7%-ով:
Դեպի ԱՊՀ այլ երկրներ արտահանման ծավալների աճը հիմնականում պայմանավորված է դեպի Ուկրաինա արտահանման ծավալների 43.8% աճով՝
կազմելով 16.4 մլն ԱՄՆ դոլար:
Դեպի այլ երկրներ արտահանման ծավալների աճը հիմնականում
պայմանավորված է հետևյալ հիմնական համարվող գործընկեր երկրների կտրվածքով արձանագրված արտահանման ծավալների զգալի աճով.
Շվեյցարիա՝ 39.1%, Չինաստան՝ 63.8, Իրաք՝ 27.9% և Կանադա՝ 80.8%:
Չինաստանի և Կանադայի դեպքում աճը պայմանավորված է եղել պղնձի հանքաքարի խտանյութի արտահանման ծավալների աճով, մինչդեռ Շվեյցարիայի դեպքում «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք
մետաղներ և դրանցից իրեր» ապրանքային խմբի արտահանման ծավալների աճով: Իրաքի դեպքում աճը բացատրվել է
«սիգարետ և սիգար» ապրանքային խմբի արտահանմամբ: Իսկ հիմնական գործընկեր համարվող Արաբական Միացյալ Էմիրությունների պարագայում արտահանման
ծավալների 29.7% անկում է գրանցվել՝ կազմելով 44.8 մլն ԱՄՆ դոլար, որը բացատրվում է «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքային խմբի արտահանման ծավալների կրճատմամբ:
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալների անկումը հիմնականում պայմանավորված է դեպի Գերմանիա արտահանման ծավալների 54.7% անկմամբ` կազմելով 52.1 մլն ԱՄՆ դոլար, որը բացատրվում է «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր» ապրանքային խմբի
արտահանման ծավալների կրճատմամբ: Իսկ մեկ այլ հիմնական համարվող գործընկեր երկրի՝ Բուլղարիայի դեպքում արտահանման ծավալները 7.2%-ով կրճատվել են՝ կազմելով 163.7 մլն ԱՄՆ դոլար, որը հիմնականում բացատրվում է պղնձի հանքաքարի խտանյութի ծավալների կրճատմամբ:
Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում թեև գրանցվել է
ընդհանուր արտահանման ծավալների 7.9% աճ, այն բաժին է ընկել հիմնականում ԵԱՏՄ անդամ երկրներին և այլ երկրներին, մինչդեռ դեպի ԵՄ երկրներ գրանցվել է 14.7% արտահանման ծավալների անկում: