Գլխավոր Իրավական Բացահայտվել են ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու...

Բացահայտվել են ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները

22
0

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են ՀՈԱԿ-ի տնօրենի և Գառնի համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները:

Քննության ձեռք բերած տվյալների համաձայն՝ «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը, որը հանդիսանում է նաև «Գեղարդի հովիտ ագրոտուրիզմի զարգացման» ՀԿ-ի ղեկավար, դիմել է Գառնի համայնքի ղեկավարին՝ ՀՈԱԿ-ի մասնաշենքից 194,82մ2 մակերեսով տարածքը տուրիզմի զարգացման նպատակով, 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով «Գեղարդի հովիտ ագրոտուրիզմի զարգացման» ՀԿ-ին տրամադրելու համար, ինչը բավարարվել է:

Այնուհետև՝ ՀՈԱԿ-ի տնօրենը 2015 թ. դիմել է Գառնի համայնքի նախկին ղեկավարին՝ իր ղեկավարած կառույցի շենքի վերանորոգման համար բյուջեից գումար տամադրելու համար: Արդյունքում՝ «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ին տրամադրել է 6.535.000 ՀՀ դրամ գումար, իսկ ՀՈԱԿ-ի տնօրենն այդ գումարը ծախսել է իրեն պատկանող ՀԿ-ի կողմից զբաղեցված տարածքի վերանորոգման համար, որի հետևանքով Գառնի համայնքին հասցվել է էական վնաս:

Նշված շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո՝ 2016 թվականից սկսած, «Գեղարդի հովիտ ագրոտուրիզմի զարգացման» ՀԿ-ն, հանդիսանալով ոչ առևտրային կազմակերպություն, ՀՈԱԿ-ի տնօրենի ղեկավարության ներքո և Գառնի համայնքի նախկին ղեկավարի թողտվությամբ, օգտագործման նպատակով կազմակերպությանը տրմադրված վերոհիշյալ տարածքն օգտագործել է որպես հանդիսությունների սրահ, իսկ ստացված մոտ 480.000 ՀՀ դրամ եկամուտը չի մուտքագրվել ՀԿ-ի դրամարկղ և հափշտակվել է:

Պարզվել է նաև, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի նախկին ղեկավարը միջնորդել է՝ «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում իր հարսին որպես խմբավար աշխատանքի ընդունելու հարցում, որն աշխատանքի ընդհանրապես չի հաճախել, իսկ նրա անվամբ 2016 թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում դուրս գրված ընդհանուր 448.793 ՀՀ դրամ աշխատավարձի գումարը վատնման եղանակով հափշտակվել է:

Բացի այդ, ՀՈԱԿ-ի տնօրենը «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում որպես մեթոդիստ է հրամանագրել նաև իր դստերը, սակայն վերջինս նույնպես փաստացի աշխատանքի չի հաճախել, իսկ 2015 թ. հունվար ամսից մինչև 2016 թ. մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում որպես աշխատավարձ դուրս գրված 903.432 ՀՀ դրամ գումարը յուրացվել է ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից:

Միաժամանակ պարզվել է, որ 2016 թվականի ընթացքում «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի պարի խմբակներ այցելող թվով 5 երեխաների՝ ընդհանուր 120.000 ՀՀ դրամի չափով ուսման վարձերը չեն մուտքագրել ՀՈԱԿ-ի դրամարկղ և յուրացվել են ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից:

Քրեական գործի շրջանակներում ՀՈԱԿ-ի տնօրենը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ մասով (3 դրվագ)՝ նախատեսված հանցանք կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք գործողություններ՝ հացաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ:

Պետությանը պատճառված վնասի մի մասն արդեն վերականգնվել է, իսկ մնացած մասը ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը պարտավորվել է վերականգնել առաջիկայում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ