Գլխավոր Բժիշկ Բժշկի մոտ՝ առանց հերթի. Երևանի պոլիկլինիկաներում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման համակարգ

Բժշկի մոտ՝ առանց հերթի. Երևանի պոլիկլինիկաներում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման համակարգ

31
0
Քաղաքացիների կապը պոլիկլինիկայի հետ սկսում է տեղամասային թերապևտին, մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին այցից: Այդ այցերի անբաժան մասը կազմող մեծ հերթերն ու ժամանակի կորուստը շուտով անցյալում կմնան: Երևանի պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ:
Քաղաքապետարանը ծրագիրն իրականացնում է «Արմեդ» Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի հետ:
«Տարիներ շարունակ պոլիկլինիկաներում եղել է խնդիր հերթերի հետ կապված և քաղաքացիների արդարացի դժգոհությունը: Էլեկտրոնային հերթագրման համակարգը ևս մեկ քայլ է մեր քաղաքացիներին էլ ավելի հասանելի և մատչելի դարձնելու պոլիկլինիկաների մատուցած ծառայությունները»,-նշում է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
Հերթագրման համակարգն այսօր արդեն իսկ ներդրվել և գործում է Երևանի 13 պոլիկլինիկաներում: Ծրագիրը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տնից, աշխատավայրից կամ հարմար այլ վայրից ընդամենը հեռախոսազանգի միջոցով, չկորցնելով ավելորդ ժամանակ ու նյարդեր, հերթագրվել տարածքային թերապևտի մոտ հարմար օրը և հարմար ժամին:
Հերթագրումները կատարավում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից մինչ 17:00-ն:
Հերթագրման համար առանձնացվել են հատուկ հեռախոսահամարներ: Դրանք փակցված են բոլոր պոլիկլինիկաներում: Հերթագրվել հնարավոր է նաև այցելելով պոլիկլինիկա:
Համակարգում ներբեռնված են քաղաքացիների հիմնական տվյալները: Այցի օրը նշանակված ժամից մի քանի րոպե շուտ պետք է մոտենալ մատենավարման բաժին, որտեղ կտրամադրվի այցելության թերթիկն ու անկետան:
Գրանցումները կատարվում են այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվի 15-20 րոպե ժամանակ: Բժշկի մոտ մտնելու ժամային որոշ շեղումներ, այնուամենայնիվ հնարավոր են, բայց ընդամենը մի քանի րոպե տարբերությամբ:
Հերթագրման համակարգի ներդրումը կարևոր է ոչ միայն քաղաքացիների արագ սպասարկման, այլև բժիշկների և բուժհաստատության աշխատանքն առավել կանոնակարգված դարձնելու համար:
Այժմ աշխատանքներ են տարվում նաև մյուս պոլիկլինիկաներում: Մինչև տարեվերջ ծրագիրը հասանելի կլինի քաղաքի բոլոր 24 պոլիկլինիկաներում:
«Ծրագիրը դեռ աշխատում է միայն տեղամասային թերապևտ կամ մանկաբույժ բժշկի մոտ հերթագրվելու համար: Երկրորդ փուլով նեղ մասնագետների մոտ գրանցումը ևս կիրականացվի հերթագրմամբ»,- ասում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
Պոլիկլինիկաներում հերթագրումն այսուհետ պարտադիր պայման է: Առանց հերթագրվելու կարող եք այդպես էլ սպասել և չսպասարկվել: Սա չի վերաբերում, իհարկե, բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիների հրատապ դեպքերին:
Երևանի քաղաքապետարանն այժմ մշակում է առողջապահության ոլորտում բարեփոխումների նոր ծրագրեր:
«Համեմատած 2018 թվականի հետ 2020թ. առողջապահության ոլորտի բյուջեն նախատեսում ենք եռապատկել և հատկացնել ժամանակակից ու արդիական սարքավորումներ, որ մեր պոլիկլինիկաները լինեն զինված սարքավորումներով և մատուցեն բարձրորակ բուժծառայություններ»,-նկատում է Սերգեյ Հարությունյանը:
 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ