Գլխավոր Լուրեր ԲՀԿ-ն վայր կդնի՞ մանդատները

ԲՀԿ-ն վայր կդնի՞ մանդատները

10
0

bhk-logo

Հայաստանի ներկայիս Ազգային ժողովում իրավիճակն այնպիսին է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը քվեարկության միջոցով չեն կարողանում հասարակության համար անհրաժեշտ որևէ օրենք ընդունել կամ իշխանությունների առաջարկած օրենքների ընդունումը կասեցնել:Այս իրողությունը իշխանություններին բավական ազատ քայլեր կատարելու հնարավորություն է տվել: Կենսաթոշակային օրենքում կատարված փոփոխությունները, որոնք հասարակության լայն շերտերի դժգոհությունն են բարձրացրել, ևս մեկ անգամ եկան ապացուցելու, որ իշխանությունները քվեարկության միջոցով հօգուտ ժողովրդի ոչ մի որոշում չեն կայացնի:

Երեկ լրագորղների հետ հանդիպման ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ անհրաժեշտության դեպքում ինքը պատրաստ է վայր դնել մանդատը, սակայն վերջում ավելացրեց, որ այս պահին մանդատների վայր դնելը նպատակահարմար չի համարում:

ArartNews.am-ը փորձեց ճշտել՝ իսկ ո՞ր դեպքում ԲՀԿ-ն վայր կդնի մանդատները: Մեր այս հարցին ի պատասխան ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտնեց իր նեղ անձնական տեսակետը՝ ասելով. «Ձեր հարցին ի պատասխան՝ միայն իմ անձնական կարծիքը պետք է հայտնեմ. բնականաբար, այս հարցը չի քննարկվել խմբակցությունում: Մեզ ընտրողները ընտրել և գործուղել են Ազգային ժողովˋ իրենց խնդիրները բարձրաձայնելու և լուծելու: Ազգային ժողովի պատգամավորները միայն օրենսդրական նախաձեռնությամբ չէ, որ հանդես են գալիս: Ամեն Աստծու օր շատ մանրակրկիտ աշխատանք է տարվում տարբեր ուղղություններովˋ և վերահսկողական, և առանձին մարդկանց ու խավերի խնդիրների վերաբերյալ»:

Պատգամավորը կարծում է, որ իրենց աշխատանքը պայքար է, և այդ պայքարը պետք է շարունակել: Նա նաև նկատեց, որ եթե իրենք չլինեին Ազգային ժողովում, ապա չէին կարող դիմել Սահմանադրական դատարան:

Մեր այն դիտարկմանը, որ կենսաթոշակային բաղադրիչի վերաբերյալ ԱԺ-ում ԲՀԿ-ն և ընդդիմադիր երեք կուսակցությունները չկարողացան քվեարկությամբ հարցը լուծել, և հասկանալի է, որ իշխանությունները կազդեն նաև Սահմանադրական դատարանի որոշման վրա, քանի որ Սահմանադրական դատարանը այս իշխանության շարունակությունն է, այս դեպքում ՍԴ որոշումից հետո հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ում քննարկվի մանդատները վայր դնելու հարցը։

Այս կապակցությամբ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Ուզում եմ հավատալ, ուզում եմ հուսալ, որ Սահմանադրակն դատարանը ականջալուր կլինի հասարկության պահանջին և կուսակցությունների հայցադիմումը կընդունի և կվճռի այնպես, ինչպես ակնկալում է հանրությունը: Եվ թե ինչ տեղի կունենա՝ կարող ենք խոսել այդ որոշումից հետո, իսկ առհասարակ ես կարծում եմ, որ անհրաժեշտ է պայքարը շարունակել»,-եզրափակեց իր խոսքը ԲՀԿ մամուլի խոսնակը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ