Գլխավոր Հասարակություն Բնակության եւ հաշվառման վայր չունեցող քաղաքացիներն այլեւս չեն զրկվի նպաստից

Բնակության եւ հաշվառման վայր չունեցող քաղաքացիներն այլեւս չեն զրկվի նպաստից

22
0

ՀՀ Կառավարությունը հավանության է արժանացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը, որով նախատեսվում է կարգավորել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի և դրա հիմքով տրամադրվող սոցիալական աջակցության պետական ծրագրերից բնակչության օգտվելու հետ կապված որոշ իրավահարաբերություններ:

Կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու (փաստագրվելու) կարգը, իսկ N 8 հավելվածով` ընտանեկան կամ սոցիալական նպաստի կամ հրատապ օգնության նշանակման և վճարման կարգը:

Նշված հավելվածներով առկա են խնդիրներ` կապված որոշակի բնակության վայր և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող ընտանիքներին նպաստների համակարգում հաշվառելու, հաշվառված ընտանիքների բնակության վայրի փոփոխության և որոշ տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի հստակեցման հետ:

Ընդունված փոփոխությունները որոշակի բնակության վայր և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող ընտանիքներին սոցիալական աջակցության պետական ծրագրերից (այդ թվում նաև՝ ընտանեկան, սոցիալական նպաստ և հրատապ օգնություն) օգտվելու հնարավորություն կտան, բացի այդ՝ կպարզեցվեն նպաստների համակարգում հաշվառված ընտանիքների բնակության վայրի փոփոխության հետ կապված սոցիալական իրավունքների իրացման ընթացակարգերը`ընտանիքին հնարավորություն տալով այդ նպատակով դիմելու իր նոր բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին):

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված փոփոխությունների համաձայն, գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների շարքին կդասվի նաև պտուղների և բանջարեղենի թթվեցման, պահածոյացման ու լցման աշխատանքները:

Հիշեցնենք, որ դեռ մայիսի 16-ին ՀՀ Կառավարությունը փոփոխություններ էր կատարել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ, որը թույլ է տալիս գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներին չզրկվել սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ