Գլխավոր Միջազգային Գերմանիայի արտգործնախարարը Սիրիայում Թուրքիայի գործողությունները անօրինական է համարել

Գերմանիայի արտգործնախարարը Սիրիայում Թուրքիայի գործողությունները անօրինական է համարել

21
0

Գերմանիայի արտգործնախարար Հեիկո Մաասը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմագործությունը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Գերմանական ZDF հեռուստաընկերության ուղիղ եթերում Մաասը մասնավորապես հայտարարել է․ «Ես չեմ հավատում, թե քրդական միությունների կամ քուրդ զինյալների վրա հարձակումները միջազգային իրավունքի տեսակետից օրինական են կամ որևէ աղերս ունեն օրինականության հետ։ Եթե նման զավթումը իր հիմնավորումը չունի միջազգային իրավունքում, ուրեմն այն հակասում է միջազգային իրավունքին»։

Գերմանիայի արտգործնախարարը Թուրքիայից պահանջել է դադարեցնել Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները։ Անդրադառնալով ժամանակավոր զինադադարի մասին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Մաասը նշել է, որ զինադադարը միայն հինգ օր չպետք է տևի, այն պետք է երկարատև լինի։

Իսկ Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտի» ստեղծելու Թուրքիայի առաջարկի վերաբերյալ գերմանացի նախարարն ասել է․ «Մենք չենք կարող գումարներ վճարել այնպիսի բաների համար, որոնք, մեր ընկալմամբ, օրինական և արդարացված չեն»։

Մաասը չի ցանկացել պատասխանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իրեն ուղղված անձնական վիրավորանքներին, սակայն նշել է․ «Վերջին հաշվով ես նախընտրում եմ, որ Էրդողանը ոչ թե հրթիռներով հարվածի, այլ խոսքերով։ Եթե այդ հարցում կարողանանք համաձայնության գալ, նա կարող է շարունակել իմ հասցեին անձնական վիրավորանքներ հնչեցնել»։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Էրդողանը հայտարել էր․ «Գերմանիայի արտգործնախարարը՝ իր չափը չճանաչող մի մարդ, վեր է կացել, ասում է, թե՝ Թուրքիային զենք չենք վաճառելու։ Աման, մենք «կորած ենք»։ Ես ոչինչ չեմ կորցնի, կորցնողը դուք կլինեք։ Ի՞նչ պիտի լինի, եթե դու մեզ զենք չվաճառես, ի՞նչ է, պիտի կործանվե՞նք»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ