Գլխավոր Հասարակություն Գյումրու ծերանոցը լուծարվեց

Գյումրու ծերանոցը լուծարվեց

99
0

Գյումրու հաշմանդամների եւ տարեցների տուն-ինտերնատի աշխատակիցներն արդեն ստացել են աշխատանքից ազատման իրենց ծանուցագրերը: Ստացել, սակայն գործազուրկ դառնալու ապագայի հետ չեն համակերպվել: Ասում են պայքարելու են իրենց իրավունքների համար, քանի որ միանգամից փաստի առաջ են կանգնել:

Այն, որ հաստատությունը լուծարվելու է, արդեն մի քանի ամիս իմացել են ընդամենը պտտվող խոսակցություններից: «Հաշմանդամների եւ տարեցների տուն-ինտերնատը պաշտոնապես չի տեղեկացվել այդ մասին»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց հաստատության տնօրեն Արմեն Սարուխանյանը: «Փաստորեն հիմնարկը կանգնեց փաստի առաջ, ճիշտ է, ինֆորմացիան, որ հնարավոր է նման բան լիներ, կար հուլիսից, սակայն ավելի շատ լուրերի տեսքով էր, այսինքն պաշտոնականն այսպես պետք է լիներ, որ լինեին քննարկումներ, մոտեցումներ, առաջարկներ, որեւէ նմանատիպ բան չի եղել, եղել է ընդամենը ամիսը մեկ՝ մեկ նախադասություն, որ կարող է լինել էսպիսի բան: Երեկ փոխնախարարը, աշխատակազմի վարչության պետը եւ խորհրդականը ժամանեցին հիմնարկ: Մենք հույս ունեինք, որ կունենան բացատրություններ, առաջարկներ, խնդիրների քննարկում, բայց ոչ, դրա փոխարեն որոշման տեքստ ստացանք, որ լուծարվելու է: Ճիշտ է, եղան հավաստիացումներ, որ աշխատակիցների զգալի մասը կպահպանեն իրենց աշխատանքը նոր կառույցում, այսինքն կունենան արտոնություն աշխատանքի ընդունվելիս: Թոշակառուները միանշանական կզրկվեն աշխատանքից, վարչական մասի աշխատակիցները նույնպես, եւ դա առաջացրեց հիմնավոր բողոք, թե ինչու՞ է նման գլոբալ փոփոխությունը սկսվում հենց Գյումրիից»,- ասաց Արմեն Սարուխանյանը:

Լուծարումից հետո կառույցն ու շահառուները կմնան տեղում, ՊՈԱԿ-ը կվերանա: Նույն ծառայությունը կառավարության որոշման համաձայն, կմատուցի որեւէ հասարակական կազմակերպություն: Թե որ կազմակերպության մասին է խոսքը, տուն-ինտերնատի տնօրենը չգիտի, սակայն հիմնավոր տեղեկություններ ունի, որ խոսքը Կարմիր Խաչի մասին է: Թե ինչու է նման որոշում կայացվել, Գյումրիում չգիտեն: Այնպես էլ չէ, որ այդ քայլով պետությունը խնայողության է գնացել: Գումարը, որը մշտապես տրամադրվել է տուն-ինտերնատին, նույնությամբ նախատեսում է, որ տրամադրելու է ծառայությունները մատուցող կազմակերպությանը:

«Էստեղ կոլեկտիվի կողմից առաջարկ եղավ, որ լինեն մի քիչ արդարացի, կա ծրագիր, լավ: Տալ ժամանակ եւ հնարավորություն, որ հենց կոլեկտիվը բացի ՀԿ, գտնի հովանավոր եւ մասնակցի մրցույթին: Բայց պատասխանեցին, որ հուլիսից գիտեիք, անեիք: Այսինքն հուլիսի ասեկոսները մարդկանց ներկայացվում են որպես իրազեկման փաստ: Կոլեկտիվը չստորագրեց ծանուցագիրը, պահանջեցին շահագրգիռ մարդկանց գալ եւ ներկայացնել խնդիրը, ի վերջո մենք չենք  պահանջում չեղարկել որոշումը, արդարացի մեր դերն ունենալու պահանջ ենք ներկայացնում: Փաստի առաջ պետք չէր կանգնեցնել, այլ մեզ էլ տային հնարավորություն բացել ՀԿ, մասնակցել մրցույթին: Կարող է եւ ստացվում էր: Էստեղ մեր  խնդիրն այն է, որ  կարելի էր մոդելը ստեղծել, ցույց տալ էֆեկտիվությունը, նոր անցնել նման քայլի»,- իրավիճակը վրդովված բացատրեց տուն-ինտերնատի տնօրենը:

Հաստատությունը ներկա պահին 71 աշխատակից, եւ 156 շահառու ունի: Երկու կողմում էլ խուճապ է: Աշխատակիցները բոյկոտի մեջ են, շահառուների մասը հացադուլով է սպառնում: Չեն ուզում, որ իրենց խնամողները փոխվեն: «Մի մասն ուզում են դուրս գալ հաստատությունից, մարդիկ կան հացադուլի որոշում են կայացրել, իրենք էլ չեն պատկերացնում այլ մարդկանց հետ իրենց խնամքը: Տարիների ընթացքում կոնֆլիկտների միջով անցել, մերվել, հարմարվել, իրար հասկացել են»,- ասաց տնօրենը:

Նման որոշումն, ըստ տնօրեն Արմեն Սարուխանյանի, մեկնաբանվել է հետեւյալ կերպ. կազմակերպությունը, որը ստանձնելու է Գյումրու հաշմանդամների եւ ծերերի տուն-ինտերնատի ծառայությունների մատուցումը, պատրաստ է մեծ ներդրումների: «Բայց, եթե այդքան բարեգործ կառույց է, որը տառապում է մեր տարեցների համար, թող հենց այնպես ներդնի այդ գումարը, եթե այլ ակնկալիքներ չունի, թող անի: Պարտադիր չէր, որ դրա համար կառուցվածքային եւ կազմակերպչական փոփոխություն լիներ: Հիմա ձեւակերպումն արվում է այսպես. ամեն ինչ՝ շահառուների կյանքի որակը բարձրացնելու եւ մատուցվող ծառայությունների սպեկտրը  ընդլայնելու համար: Հիմա  կա մի ուրիշ հարց, իսկ ո՞րն է սպեկտրը, ինչ ծառայությունների մասին է խոսքը, որը մինչ այժմ չի մատուցվել ՊՈԱԿ-ի կողմից, կամ եթե լավ չի մատուցվում, եկեք  քննարկենք ավելի լավացնենք: Բայց ոչ, կա հետեւյալ մոտեցումը՝ անում ենք, լավ ենք անում»,- զրույցը եզրափակեց հաստատության տնօրեն Արմեն Սարուխանյանն ու  ավելացրեց կոլեկտիվին ասել եմ բոլոր որոշումներում իրենց կողքին եմ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ