Գլխավոր Առողջապահություն Գրիպի դեմ պատվաստանյութը երկրում է

Գրիպի դեմ պատվաստանյութը երկրում է

17
0

Օրերս Araratnews.am-ն անդրադարաձել էր գրիպի պատվաստանյութերի թեմային՝ նշելով, որ ԲԿ-ները դեռ չեն ստացել գրիպի դեմ պատվաստանյութերը:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ գրիպի դեմ պատվաստանյութն արդեն երկրում է: Ներկայում կազմակերպվում է մաքսազերծումը և առողջության առաջնային պահպանման հաստատություններին բաշխելու գործընթացը:

«Այս և նախորդ սեզոններին պատվաստումների ուշացման համար կան մի շարք հիմնավոր պատճառներ: Առողջապահության նախարարության կողմից 2019-2020 թվականների սեզոնի համար մի քանի փուլով հայտարարվել են պատվաստանյութի ձեռք բերման մրցույթներ, սակայն մասնակիցներ չեն եղել, կամ առաջարկները չեն համապատասխանել «Գնումների մասին» օրենքի պահանջներին: Միաժամանակ, սեզոնային գրիպի պատվաստանյութի գլոբալ անբավարարություն է դիտվում, և Հայաստանի փոքր շուկան հրապուրիչ չէ մատակարարների համար: Սեզոնային գրիպի պատվաստանյութն ունի մեկ այլ առանձնահատկություն՝ մյուս պատվաստանյութերի նման պահուստային պաշար չի ձևավորվում, այլ գնվում է միայն տվյալ սեզոնի համար»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:

Գրիպի դեմ պատվաստումներն անվճար են, նախատեսված են ռիսկի խմբերի համար: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ ռիսկի խմբերն են՝ հղիները, 65 տարեկանից բարձր անձինք, քրոնիկ հիվանդները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, բուժաշխատողները, փակ կոլեկտիվներում աշխատողները, խնամվողները, ինչպես նաև զինծառայողներն ու զորակոչի ենթակա անձինք: