Գլխավոր Հասարակություն Դպրոցների նկատմամբ վարույթ է հարուցվել ջեռուցման ապահովման նորմերի խախտումների համար

Դպրոցների նկատմամբ վարույթ է հարուցվել ջեռուցման ապահովման նորմերի խախտումների համար

27
0

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ջեռուցման ապահովման նորմերի խախտումները պարզելու նպատակով Երևանի եւ Կոտայքի մարզի 11 դպրոցի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:

Վերջիններիս հիմքում ԱԱՏՄ-ին հասցեագրված բողոքներն են և մամուլի հրապարակումները, ինչպես նաև՝ հունվարի 8-14-ը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացված տեղեկատվությունը։

ԱԱՏՄ-ն ամենօրյա պարբերականությամբ ՀՎԿԱԿ-ից ստանում է դպրոցական և նախադպրոցական հաստատություններում ջերմաստիճանի շեղումների վերաբերյալ տեղեկություն։ Ըստ այդմ՝ հունվարի 8-ից 14-ը ներառյալ արձանագրված ջերմաստիճանային ցուցանիշերը մի շարք դպրոցներում չեն համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի 2017թ․ մարտի 28-ի N12-Ն հրամանով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին։

Վարույթները հարուցվել են Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177, Մուշեղ Մխոյանի անվան թիվ 68, Րաֆֆու անվան թիվ 36, Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 և թիվ 136 հիմնական դպրոցներում, Կոտայքի մարզում գործող Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցում, Ջրառատի, Փյունիկի, Ֆանտանի, Կամարիսի, Ազատ Սիմոնյանի անվան և Կապուտանի միջնակարգ դպրոցներում։ Այս հաստատություններում ԱԱՏՄ զննումները շարունակվում են։

Մինչ ջեռուցման շրջանի մեկնարկը ԱԱՏՄ ղեկավարի անունից պատկան մարմիններին ուղարկվել են գրություններ՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցառումներ հանրակրթական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջների պահպանումն ապահովելու համար։

Ձմեռային արձակուրդներից հետո՝ դասերը սկսվելու նախօրեին, ԱԱՏՄ-ն կրկին հիշեցրել ու իրազեկել է դպրոցներում և մանկապարտեզներում ջերմային ռեժիմի պահպանման անհրաժեշտության ու նորմերի մասին։

Հատկապես մարզային ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմը երբեմն խախտվում է խիստ օբյեկտիվ պատճառներով։ Այս առումով ԱԱՏՄ-ն որդեգրել է գործընկերային քաղաքականություն, որի համաձայն՝ արձանագրված խնդիրների մասին տեղեկացվում է նաև այն պատկան կառույցներին, որոնց ենթակայությամբ գործում են դպրոցները, անհրաժեշտության դեպքում տրվում է խորհրդատվություն։ Վարույթ հարուցվում է այն հաստատությունների նկատմամբ, որտեղ շարունակաբար ցածր ջերմաստիճանը է արձանագրվում։

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված ջեռուցման նորմերի պահպանումը հնարավորություն կտա խուսափել սովորողների շրջանում մրսածության գործոնով պայմանավորված հիվանդությունների առաջացումից և տարածումից։

Սահմանված կարգով ԱԱՏՄ կողմից վարչական վարույթների հարուցումը կրում է շարունակական բնույթ։ Մարզային դպրոցների մասով ստացված տեղեկատվության հիման վրա ձեռնարկվում են համապատասխան քայլեր, որոնց մասին կիրազեկվի։