Գլխավոր Մշակույթ Եթե հրավիրեն, համերգ կլինի. հարցազրույց Արաքսյա Վարդերեսյանի հետ

Եթե հրավիրեն, համերգ կլինի. հարցազրույց Արաքսյա Վարդերեսյանի հետ

45
0

Երևանում ծնված, այժմ՝ օվկիանոսից այն կողմ ապրող, արարող երգչուհի Արաքսյա Վարդերեսյանին լավ գիտե երաժշտասեր ավագ սերունդը: Իրականում, արտիստի կյանքը ներհյուսված է իր ժողովրդի ճակատագրին: Արաքսյան միշտ էլ պատվով է ծառայել իր ազգին՝ արցախյան պատերազմի դաշտից մինչև աշխարհի տարբեր բեմեր: Բազմաթիվ սիրված երգերի ու ձայնասկավառակների հեղինակ Արաքսյա Վարդերեսյանը սիրով պատասխանեց Araratnews.am-ի հարցերին:

Տիկին Վարդերեսյան, Հայաստանի համար բոլոր կարևոր օրերին եղել եք հայրենիքում. 1988-ի ավերիչ երկրաշարժի և արցախյան պատերազմի ընթացքում ընդգրկվել եք բարեգործական համերգների շարքում՝ հասույթը նվիրելով որբերին: Եղել եք նաև պատերազմի դաշտում` օգնելով զինվորներին: Հետաքրքիր է, Թավշյա հեղափոխության ժամանակ ինչ զգացումներ ունեիք…

Այո, այդպես է եղել: Դա իմ կենսակերպն է: Այլ կերպ լինել չէր կարող ու չի կարող: Ես միշտ Հայաստանի, իմ ժողովրդի հետ եմ:

Ո՞րն է, ըստ ձեզ, ամենակարևոր դրական փոփոխությունը՝ 2018-ի հեղափոխությունից հետո: 

Թավշյա հեղափոխությունը սպասելի էր. վերջին 30 տարիների ընթացքում մեր ժողովուրդն անցավ բազում արհավիրքների միջով: Բայց ունենալով հազարամյակների մշակութային ներուժ, բարձրություն, կարողացավ իր մեջ հզոր ազգային ուժ գտնել և ո՛չ ասել երեքի տխրահռչակ կառավարությանը:

Ազգը իրագործեց իր հպարտ, թավշյա հեղափոխությունը: Եվ, այո՛, հեղափոխությունից հետո մենք ազգովի պետք է սատարենք և հետևենք դրական փոփոխություններին, որոնք դանդաղ, բայց արդեն առկա են: 

Նոր Հայաստանում նոր համերգներ չե՞ք ծրագրում, հետևու՞մ եք Հայաստանի մշակութային կյանքին:

Համերգ կլինի, եթե հրավիրեք: Այսինքն, եթե հրավեր ստանամ: Ինչ վերաբերում է Հայաստանի մշակութային կյանքին, ապա ասեմ, որ տպավորված եմ երիտասարդների կողմից ժողովրդական երգերի կատարմամբ:  

Էս ով ինձ անիծեց…Ձեր երգի այս բառերը գրեթե բոլորն անգիր գիտեն: Չխոսենք, թե ով անիծեց, իհարկե, այդ ամենը պոետական տողի և մեղեդիական ալեգորիայի մեջ է: Ձեր արվեստի երկրպագուներին հետաքրքիր է, երջանի՞կ եք…Ո՞վ կամ ինչը ձեզ երջանկացրեց:

Առողջ եմ, երջանիկ. սիրված …. Սա արդեն բավարար է: Շնորհակալ եմ բոլորիդ և իմ երգի խոսքերը վերախմբագրելով ասեմ՝ Կենացդ խմեմ Նոր Հայաստան, շարունակիր դեպի անսահմանություն հավերժորեն ապրել, իմ աստվածային Ցեղ:

զրուցեց Արա Ալոյանը