Գլխավոր Լուրեր Եկմալյանի բնակիչների անլուծելի խնդիրը

Եկմալյանի բնակիչների անլուծելի խնդիրը

16
0

12 տարի է՝ Եկմալյան փողոցի իրացված տների սեփականատերերը շրջապտույտի մեջ են՝ բողոքի ակցիաներ տարբեր պատկան կառույցների դռների առաջ բնակարանների պահանջով:

Նրանք եւս իրացման գոտիների հարյուրավոր բնակիչների պես անտուն են. ապրում են վարձով, հարազատների ու ծանոթների տանը: 

Այս տարի հուլիսի 23-ին վարչապետի առանձնատան մոտ բնակիչներն ասել էին՝ հայտնվել է նոր կառուցապատող, պետք է լիներ բնակարանաշինություն, սակայն կառավարությունը մերժել է նրան:

Araratnews.am-ի տեղեկություններով՝ այդ բողոքից հետո մի քանի գերատեսչություն, այդ թվում՝ քաղաքաշինության պետական կոմիտեն, մեկ ամիս առաջ՝ օգոստոսին, Կառավարությունում քննարկել են Եկմալյան փողոցի բնակիչների խնդիրը: Մեր տեղեկություններով՝ Կառավարությունը կառուցապատողի հետ համաձայնության է եկել. առաջիկայում կսկսվի շինարարություն:

Փորձեցինք մանրամասն տեղեկություն ստանալ պատկան կառույցներից, սակայն քաղաքապետարանից, Կառավարությունից հորդորեցին հարցն ուղղել քաղաքաշինության պետական կոմիտե: Վերջինս էլ մեզանից գրավոր հարցում պահանջեց: Եվ ահա 5 օր անց ստանում ենք գրեթե ոչինչ չասող պատասխան. «Ի պատասխան Ձեր 2019 թվականի օգոստոսի 27-ի գրության հայտնում ենք, որ ՀՀ Կառավարության որոշումներով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը (ներկայումս՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտե) որևէ գործառույթ չի վերապահվել բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների կառուցապատման և բնակիչներին փոխհատուցում տրամադրելու հարցերով, ինչպես նաև նախարարությունը պայմանագրային կողմ չի հանդիսացել, հետևաբար Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությանը կոմիտեն չի տիրապետում»:

Հարց է առաջանում՝ իսկ ո՞վ պետք է լուծի Եկմալյան փողոցի բնակիչների խնդիրը, ո՞վ է պատասխանատու, եթե խնդրի հասցեատերը, ի վերջո, կառավարությունն է, քանի որ մինչ բնակարանների իրացումը պետությունն է նամակներ ուղարկել ու երաշխավորել գործընթացի իրագործումը: Հուսանք՝ բնակիչներին կտրվի սպառիչ եւ հուսադրող պատասխան:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ