Գլխավոր Կրթություն ԵՊՀ-ն այսօր. առաջադիմության տեսանկյունից անկում կա. դասախոս

ԵՊՀ-ն այսօր. առաջադիմության տեսանկյունից անկում կա. դասախոս

36
0

100-ամյա Մայր բուհն ամենատարբեր  տեսանկյուններից վերլուծել են ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Հասմիկ Շափաղաթյանը և «Ռեստարտ» նախաձեռնության անդամ, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Դավիթ Սիմոնյանը:

Դոցենտ Հասմիկ Շափաղաթյանը նշեց, որ 100-ամյա բուհն արդեն մեկ դար է, ինչ պահում է հայ ազգին: Քաղաքագիտության դոցենտն արձանագրեց, որ ուսանողներից շատերն անգամ այսօր համալսարան են գալիս զուտ դիպլոմ ստանալու համար. «Ուսանողների մոտիվացվածությունը, իմ կարծիքով, շատ ցածր է: Վաղվա իրենց աշխատանքը մեկուսացված է այն ամենից, ինչի մասին որ սովորում են: Ես բնավ համաձայն չեմ այն տարածված տեսակետին, երբ ասում են, թե բուհերն այսօր իրենց նպատակին չեն ծառայում: Սա երկկողմանի գործընթաց է: Այսինքն, եթե ուսանողն աշխատաշուկային չի համապատասխանում, դեռ չի նշանակում, որ մեղավորը համալսարանն է: Որքան էլ որ ԵՊՀ-ն պատրաստակամ լինի (իսկ ես կարծում եմ, որ պատրաստակամ է, եթե հաշվի առնենք այն բոլոր ռեսուրսները, որոնք տրվում են ԵՊՀ-ին), ապա ուսանողը պետք է ունենա այդ ձգտումը և բավարարի ԵՊՀ-ի ներկայացրած պահանջներին»:

Այն հարցին, թե արդյոք ուսանողների միջև նկատելի է սերնդային տարբերությունը, դոցենտը պատասխանեց. «20 տարի առաջվա ուսանողն ուներ շատ ավելի տեսական գիտելիքներ, սովորելու տենչ ու եռանդ, քան այսօրվանը, միևնույն ժամանակ այսօրվա ուսանողն ունի ավելի շատ գործնական ու կիրառական գիտելիքներ, քան երեկվանը: Բայց, պետք է ասեմ, որ բոլոր ժամանակներում կա և՛ նա, և՛մյուսը: Այդուհանդերձ, նկատել եմ, որ էվոլուցիան ավելի շատ գնում է դեպի գործնականը: Ինչն, իհարկե, ողջունելի է»: Բանախոսը նշեց, որ առաջադիմության տեսանկյունից, այնուամենայնիվ, անկում նկատվում է: Այդուհանդերձ, դոցենտը դրականորեն ընդգծեց, որ ուսանողների շրջանում գնալով աճում է աշխատողների թիվը:

Անդրադառնալով կրթական ծրագրերին՝ Շափաղաթյանն արձանագրեց, որ դրանք ամեն տարի թարմացվում են, որին նպաստում են նոր կադրերը, ովքեր, համապատասխանաբար, մագիստրոսական կրթություն ստանալուց հետո, դառնում են հայցորդ կամ ասպիրանտ:

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Սիմոնյանը նշեց, որ ինքը թերահավատորեն է վերաբերվում Մայր բուհում կատարվող բարեփոխումներին. «Միանշանակ կա առաջընթաց ԵՊՀ-ում: Հիմա, չգիտենք, բարեփոխում կանվանեն, թե ոչ՝ չենք կարող ասել: Ամեն դեպքում, ուսանողների սպասելիքները չեն իրականացել: Չի էլ երևում այն ուղեծիրը, ըստ որի՝ այդ փոփոխությունները կիրականացվեն: Համալսարանում խնդիրները մնացել են նույնը, տեղի են ունեցել որոշակի վարչական փոփոխություններ. ներկայումս ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն Գեղամ Գևորգյանն է, բայց Հոգաբարձուների խորհրդի 16 անդամները նշանակվել են նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի օրոք»: Սիմոնյանը նշեց, որ որոշակի հույսեր են կապում բարձրագույն կրթության օրինագծի հետ, բայց այդ հարցում վերջնական դիրքորոշում արտահայտել չի կարող:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ