Գլխավոր Լուրեր Եվրոպական համալսարանը հերքում է

Եվրոպական համալսարանը հերքում է

55
0

Վերջին օրերին մամուլում տարածվեց ապատեղեկատվություն, որը վերաբերում էր
նաև Եվրոպական համալսարանին, որի առնչությամբ այսօր պաշտոնական
հերքումը է եղել, որում ասովւմ է.

«2019 թվականի նոյեմբերի 15-ին «shamshyan.com» կայքում հրապարկվեց, ապա մի շարք լրատվամիջոցների կողմից (araratnews.am, asekose.am, 1lurer.am, azat.tv և այլն) մեխանիկորեն շրջանառվեց «Կապի, տրանսպորտի նախկին նախարարն ու «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կասկածվում են 5 մլն դոլար արժողությամբ պանսիոնատը «իրենցով անելու մեջ»» վերտառությամբ հոդվածը (shamshyan.com, 2019.11.15, հղումը՝ https://shamshyan.com/hy/article/2019/11/15/1140634/), որում առկա տեղեկությունները կեղծ են և աղերս չունեն իրականության հետ:

Համաձայն մամուլում տարածված տեղեկատվության «Ռ. Խ.-ն գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել և հայտնել, որ 2013թ.-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը ՀՀ պետական գույքի կառավարման որոշմամբ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող մոտ 5 մլն դոլար արժողությամբ պանսիոնատներից մեկը, հակառակ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված կարգի, անհատույց հանձնել է «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին»:

Նախ նշենք, որ Գուրգեն Սարգսյանը, որպես կապի և տրանսպորտի նախարար, պաշտոնավարել է 2008-2010թթ. ընկած ժամանակաշրջանում և բնականաբար ըստ մամուլի տեղեկատվության 2013թ.-ին ոչ միայն չէր կարող որպես նախարար նման գործարք իրականացնել, այլ նաև օրենսդրությամբ չուներ պետական գույք օտարելու որևէ իրավասություն։

Քանի որ վերոհիշյալ գույքը պատկանում է Եվրոպական համալսարանին, հարկ ենք համարում հերքել այդ տեղեկատվությունը և հայտնել հետևյալը.

Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատը համաձայն 2011 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՀ կառավարության N 1700-Ա որոշման, հանձնվել է «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին (ներկայումս` «Եվրոպական Համալսարան» հիմնադրամ) և գտնվում է վերջինիս հաշվեկշռում՝ այսինքն նշված գույքը ո՛չ օտարվել է և ո՛չ էլ վաճառվել։ Քանի որ «Եվրոպական Համալսարան» հիմնադրամը համաձայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի շահույթի նպատակ չհետապնդող կազմակերպություն է, իսկ վերջինիս հնարավոր լուծարման դեպքում նրա գույքը դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում։ Ավելին, Եվրոպական համալսարանը հանդիսանում է ՀՀ կառավարության որոշմամբ և մասնակցությամբ հիմնադրված և միջազգային մասնակցությամբ հանրային բուհ, հետևաբար նշված գույքը չի կարող հանդիսանալ որևէ ֆիզիկական անձի, այդ թվում՝ Արթուր Բաղդասարյանի սեփականությունը:

Որոշմանը ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.irtek.am/views/act.aspx?aid=62839

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Այնուհետև, «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը»:

Ղեկավարվելով վերոհիշյալ հոդվածների դրույթներով՝ խնդրում ենք «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան հերքել տարածված ապատեղեկատվությունը: