Գլխավոր Քաղաքական Երբեք որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չեմ ունեցել․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության...

Երբեք որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չեմ ունեցել․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության մասին

29
0

Երբեք որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չեմ ունեցել. ստվերում, ժողովրդի թիկունքում ինչ-որ բան անելը նշանակում է, որ եթե ձեր ասածի թեկուզ 1 տոկոսը ճշմարտություն լինի, իմ ողջ կյանքն ու գործունեությունը անիմաստն են, անիմաստ եմ ապրել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ինքը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունի՞ պայմանավորվածություն։

«Ավելի մեծ անհեթեթություն դժվար է ասել։ Հայաստանի նախորդ իշխանությանը գնահատական տրված է, եւ այդ գնահատականը եղել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը եւ Հայաստանում շարունակվող հեղափոխությունը։ Հիշում եք, երբ 1998 թվականին տեղի ունեցավ իշխանափոխություն, էլի այդ հարցը արծածվում էր, նախորդ հանցավոր ռեժիմին գնահատական տալու այդ պրոցեսը շատ մեծ թափով սկսվեց, եւ արդյունքում ավարտվեց Բաղրամյան 26-ի կայքում տեղադրված մի քանի էջանոց փաստաթղթով, որտեղ ասվում էին բաներ, որը հայտնի են, եւ, որը որ ոչինչ չբերեց։

Մեզ ուրիշ բանի համար էլ են քննադատում, մեզ ասում են՝ շատ եք քննադատում նախկինների չարածների վրա։ Բա էս ամեն ինչը ներկայացնում են, ի՞նչ է, եթե ոչ նախորդ իշխանության գնահատական։ Զինվորների սննդի կարգը փոխելն ի՞նչ է, եթե ոչ նախորդ իշխանության գնահատական։ Ես նախորդ իշխանության գնահատականը նո՞ր պիտի տամ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ նախորդ իշխանության գնահատականն ինքը տվել է իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում. «Եվ ասել եմ, որ դա կոռումպացված ռեժիմ է, որը թալանել է երկիրը, եւ որի թալանածը կոպեկ առ կոպեկ պետք է հետ բերենք, այդ թվում նաեւ՝ օրենսդրական որոշակի փոփոխությունների արդյունքում»։

Փաշինյանն ասաց, որ այդ լուրերը ժամանակ առ ժամանակ կարող են շրջանառության մեջ դրվել Հայաստանի քաղաքական պրոցեսներում, սակայն ինքը երբեք որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չի ունեցել. «Ես երբեք ինձ որեւէ պայմանավորվածությամբ չեմ կաշկանդել իմ հրապարակային գործունեության առաջին օրից, եւ ժամանակը դա ցույց է տվել։ Այն ժամանակ ընդդիմադիրների մի մասն էր ինձ մեղադրում, ասում էին, որ ես բանտից պայմանավորվածությունով եմ դուրս եկել։ Ինտերնետում փնտրեք՝ տասնյակ այդպիսի հոդվածներ կգտնեք։ Ես իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում պայմանավորվածություն ունեցել եմ մի սուբյեկտի հետ, եւ այդ սուբյեկտը Հայաստանի ժողովուրդն է, եւ այդպես լինելու է միշտ։ Ստվերում, ժողովրդի թիկունքում ինչ-որ բան անելը նշանակում է, որ ես ինքս արձանագրում եմ, որ եթե ձեր ասածի թեկուզ 1 տոկոսը ճշմարտություն լինի, իմ ողջ կյանքն ու գործունեությունը անիմաստ են, անիմաստ եմ ապրել»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ