Գլխավոր Կրթություն Երեխային խփել խրախուսողը դատի կտա նախարարությանը և նամակ գրողներին

Երեխային խփել խրախուսողը դատի կտա նախարարությանը և նամակ գրողներին

358
0

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանը ԿԳՄՍ նախարարի հրամանով ազատվել է պաշտոնից: Ինչպես նշել էինք, պատճառը, նախարարությունում տեղի ունեցած քննարկումից հետո, Ներառող կրթություն ազգային ասոցիացիայի բաց նամակն էր նախարար Արայիկ Հարությունյանին։

Նամակի հեղինակների պնդմամբ, Արմինե Դավթյանը վերջերս տեղի ունեցած սեմինար-հանդիպումներից մեկի ժամանակ խոսել է հայելային արտացոլման մեթոդի մասին՝ նշելով, որ փոքրիկ ապտակը կարող է ավելի արդյունավետ լինել երեխայի համար, քան ժամերով քարոզը:

Araratnews.am-ը կապ հաստատեց Արմինե Դավթյանի հետ՝ պարզելու` ինչպես է  վերաբերվում պաշտոնից ազատմանը և արդյոք սեմինարի ժամանակ խրախուսել է երեխային ապտակելը:

«Ես դատի եմ տալու և՛ նամակ գրողներին, և նախարարությանը»,- մեր հարցին անմիջապես արձագանքեց Դավթյանը:

Դիտարկմանը՝ ի՞նչ հիմքով է դատի տալու, նախկին պաշտոնյան պատասխանեց. «Դատի եմ տալու զրպարտության հոդվածով: Ենթադրության հիման վրա չի կարելի աշխատողին ազատել»:

Այսինքն՝ սեմինարի ժամանակ երեխային ապտակելը չե՞ք խրախուսել. «Ոչ, ես չեմ խրախուսել երեխային ապտակը»:

Բայց Ձեր ֆեյբուքյան էջում  գրառումներ կան, որտեղ կրկին ապտակի խրախուսման փորձ եք անում. «Ֆեյսբուքյան գրառումը եղել է շատ խոր ենթատեքստով, իռոնիայով գրված գրառում, որը չի ենթադրում, որ ես ասում եմ՝ երեխային պետք է ծեծել: Ես 20 տարվա մանկավարժ եմ, էնքան մակերեսային պատահական մարդ չէի, որ «Ֆեյսբուք»-ում գրեի, որ բերեք ձեր երեխային ծեծեմ: Դա առնվազն հիմարություն է նման ենթատեքստով տարածելը»,- նշեց Դավթյանը:

Իսկ հայելային արտացոլման մեթոդի մասին խոսե՞լ եք այդ սեմինարի ժամանակ. «Այո, խոսել եմ: Հայելային արտացոլում չի նշանակում երեխային խփել: Դա նշանակում է երեխայի վարքը կրկնօրինակել»:

Սա ինչ-որ դաստիարակչական մեթո՞դ է. «Սա թերապիայի մեթոդ է, երբ որ երեխան, ինքն իրեն տեսնելով, կողքից տեսնում է իր վարքը և դրանով ավելի խորն է հասկանում իր վարքի բացասական կողմերը: Սա չի նշանակում, որ ես երեխային խփում եմ էն ուժով, որ ինքն ինձ խփում է: Ես թույլ չեմ տա, որ մեկնաբանություններ լինի էս կոնտեքստում, որ ես այն մանկավարժն եմ, որ խփում եմ կամ խրախուսում եմ խփելը: Ես կյանքում երեխայի վրա ձայն չեմ բարձրացրել»,- բարկացավ Դավթյանը:

Իսկ այս մեթոդը որտեղի՞ց եք վերցրել, ո՞ր երկրներում է կիրառվել. «Սա գիտական մեկնաբանության արժանի խնդիր է: Ես արդեն հանդես կգամ գիտական զեկույցներով, հոդվածնեով, դասախոսություններով: Ես իրավունք ունեմ ինքս նոր մեթոդ ստեղծելու: Պարտադիր չէ, որ ինչ-որ երկիր կիրառի դա: Ես գիտնական եմ, իրավունք ունեմ ունենալ իմ մեթոդը: Ամեն երկիրն իր մասնագետներով է հանդես գալիս, ես էլ որպես հայ մասնագետ իմ մեթոդը կարող եմ ունենալ»:

Դիտարկմանը, թե տիկին Դավթյանն  ի՞նչ գիտական կոչում ունի, պատասխանեց. «Ես գիտական կոչում չունեմ, բայց գիտաշխատող եմ, դասախոս եմ 10 տարի աշխատում, գիտական 30 հոդված ունեմ, 10 գիրք ունեմ հրապարակված: Պատրաստվում եմ նոր գիտական ուղղություն զարգացնել Հայաստանում. նեյրոհոգեբանության ուղղության զարգացման վրա եմ աշխատում»:

Ճշտող հարցին՝ ԿԳՄՍ նախարարությանը ևս դատի՞ է տալու. «Այո, դատի եմ տալու, ինձ ազատելու հարցում անիրավաչափ որոշում կայացնելու համար»,- եզրափակեց նա՝ նշելով, որ շուտով կհայտարարի իր քայլերի մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ