Գլխավոր Հասարակություն Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը

56
0

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանի ֆեյսբուքյան մեկնաբանություններից մեկը գրավել է կրթության ոլորտի պատասխանատուների ուշադրությունը եւ նրանք մտադիր են լրջորեն զբաղվել դրանով: Օգտատերերից մեկի այն դիտարկմանը, թե ոչ ոք իրավունք չունի խփել երեխային, Արմինե Դավթյանը պատասխանել է. «Բացի իսկական մանկավարժից»:

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Թեւոսյանը, անդրադառնալով խնդրին, նշել է. «Ես կարծում եմ, որ կնախաձեռնեմ Արմինե Դավթյանի մասնակցությամբ հանրային-մասնագիտական բաց լսումներ, որտեղ կխնդրենք մասնագետ տնօրենին՝ հիմնավորել իր գրառումը՝ ներկայացնելով ամբո՛ղջ կոնտեքստը: Այդ եզրահանգումների հիման վրա էլ գնահատական կտանք, թերեւս»:

Հանրապետական մանկավարաժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանի խնդրահարույց գրառմանը անդրադարձել է նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը: «Իրավիճակը պարզաբանելու նպատակով նախարարությունը սահմանված կարգով բացատրություն է պահանջելու տիկին Դավթյանից, որը ստանալուց հետո կձեռնարկվեն բացատրությունից եւ դրա քննարկումից բխող միջոցներ: Հանրության ներկայացուցիչները նույնպես կներգրավվեն այդ քննարկմանը»,- տեղեկացրել է նախարարի խոսնակ Անժելա Կժդրյանը:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանի հայտարարության կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաեւ Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը՝ դա համարելով իր պաշտոնին ու մասնագիտությանը ոչ հարիր: «Պահանջում ենք ԿԳՄՍ նախարարությունից հարուցել ծառայողական քննություն պաշտոնյայի նկատմամբ եւ ապահովել քննության ընթացքի թափանցիկությունն ու արդյունքների հանրայնացումը: Ակնկալում ենք Արմինե Դավթյանի հանրային մեկնաբանությունները իր դավանած մանկավարժական եւ մեթոդական գործիքների ու արտահայտած կարծիքների մասին: Կոչ ենք անում ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին վերջապես կազմակերպել հանրային լսումներ` կրթության բովանդակության, երեխայի իրավունքների ու արժանապատվության հարցադրումները հանրային օրակարգ բերելու նպատակով»,- ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ