Գլխավոր Հասարակություն Երեւանում վերջերս տեղադրված աղբամաններից 6-7-ը այրվել կամ կոտրվել են. Հակոբ Կարապետյան

Երեւանում վերջերս տեղադրված աղբամաններից 6-7-ը այրվել կամ կոտրվել են. Հակոբ Կարապետյան

34
0

Երեւանում վերջերս տեղադրված նոր աղբամաններից 6-7-ը այրվել կամ կոտրվել են: Այս մասին տեղեկացանք քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Արդյոք կատարվածում կա՞ դիտավորություն: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշեց, որ չի կարող գնահատական տալ, ամեն դեպքում դա եղել է վատ վերաբերմունքի հետեւանք: Ըստ նրա, աղբամանները վնասելու դեպքերի վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններին, որոնք էլ կտան իրենց գնահատականը:

«Անհրաժեշտ է մեր բնակչության լայն շրջանակներին հորդորել, որ հնարավորինս խնամքով օգտագործեն այդ գույքը, որը փաստացի իրենցն է, իրենց գրպանից անուղղակիորեն դուրս եկած գումարներով ձեռք բերվածը»,- նշեց մամուլի քարտուղարը՝ ավելացնելով, որ ինչպես տանն են խնամքով վերաբերվում, նույնկերպ վարվեն այդ աղբամանների հետ, որովհետեւ դրանց փչանալու դեպքում մենք՝ երեւանցիներս ենք վճարելու, որպեսզի փոխարինենք:

Անդրադառնալով հարցին, թե ավելի ճի՞շտ չէր լինի մայրաքաղաքում մետաղական աղբամաններ տեղադրել, Հակոբ Կարապետյանը նշեց, որ նույնիսկ դրանք կարելի է մեծ ցանկության դեպքում փչացնել: «Արտասահմանյան քաղաքների փորձը ցույց է տալիս, որ քաղաքում, հատկապես տուրիստական նշանակություն ունեցող կենտրոնական փողոցներում մետաղական աղբամաններ չեն տեղադրվում: Դրանք արտաքին տեսքի առումով գրավիչ չեն, ֆունկցիոնալության առումով ծանր են, աղբ դատարկելու ընթացքում աղմուկ են առաջացնում»,- ասաց մամուլի քարտուղարը՝ ավելացնելով, որ դրանք շուրջ 50 տոկոսով ավելի թանկ են, քան պլաստիկե աղբամանները:

Հիշեցնենք, որ երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բլոգեր Իզաբելլա Աբգարյանը հրապարակել էր լուսանկարներ, որից պարզ էր դառնում, որ Երեւանի Էրեբունի վարչական շրջանում այրել են 2 աղբաման:

Օրեր առաջ էլ կոտրված աղբամանի լուսանկար էր հրապարակել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը:

Աղբահանության օպերատոր «Սանիթեքի» աշխատանքից դժգոհ լինելով՝ Երեւանի քաղաքապետարանն այս տարվա ապրիլին ստեղծել էր աղբահանության եւ սանմաքրման համայնքային հիմնարկ: Ներկվել էին աղբատար մեքենաներ ու նաեւ աղբամաններ, որոնք արդեն իսկ տեղադրվել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում: 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ