Գլխավոր Քաղաքական Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել

Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել

32
0

Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունը ֆեյսբուքի իր էջում տարածել է հայտարարություն, համաձայն որի Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից՝ 2018թ.-ի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին:

«Իմ Քայլը» խմբակցությունը մանրամասնել է, թե  ՀՀ Սահմանադրության և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի որ կետերն են հատկապես խախտվում: Խմբակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին որոշման փաստաթղթում, ի թիվս այլ խնդրահարույց կետերի,  որպես հանձնաժողովի ուսումնասիրության շրջանակ ընտրվել են այնպիսի գործառույթներ, որոնք օրենքով հանդիսանում են քաղաքապետի լիազորությունները:   

«Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անթույլատրելի ենք համարում Ազգային ժողովի կողմից տեղական ինքակառավարման մարմնի գործունեության նկատմամբ օրենքով չսահմանված ձևով միջամտելը և գտնում ենք, որ նման գործընթացի մեկնարկը նաև անհարգալից վերաբերմունք է տեղական ինքնակառավարման մարմինների՝ ավագանու և քաղաքապետի ինստիտուտի նկատմամբ։ Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է հանրային հետաքրքրություն ունեցող բոլոր թեմաների քննարկմանը և պարզաբանմանը և պատրաստակամ է Երևան քաղաքի ավագանուն օրենքով տրված լիազորությունների շրջանակներում քննարկել և պարզել Երևանին վերաբերող հասարակական հետաքրքրություն ունեցող հարցեր՝ այդ թվում՝ նշյալ հարցը»,- ասված է հայտարարության  մեջ: