Գլխավոր Քաղաքական Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին

8
0

Դեկտեմբերի 6-ին Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը:

Նախարար Մնացականյանը շնորհավորել է իր սլովակ գործընկերոջը ԵԱՀԿ-ում հաջող նախագահության կապակցությամբ՝ նշելով, որ անցած մեկ տարվա ընթացքում ծավալվել է  արդյունավետ համագործակցություն Սլովակիայի նախագահության առաջնայնությունների իրականացման և կազմակերպության նպատակների առաջմղման ուղղությամբ:

Նախարար Մնացականյանը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Հայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը կարևորել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը՝ այդ առնչությամբ դրական գնահատելով  Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչների միջև փոխանակման ծրագրի իրականացումը:

Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակն անդրադարձել են նաև հայ-սլովակական օրակարգի մի շարք հարցերի՝ ուրվագծելով երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը: Երկուստեք կարևորվել է տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով: