Գլխավոր Աշխարհ Թուրքիայի բանակում կրկին գյուլենականների ձերբակալություններ են

Թուրքիայի բանակում կրկին գյուլենականների ձերբակալություններ են

9
0

2016 թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո բոլոր գերատեսչություններում, հատկապես ուժային կառույցներում սկսված գյուլենականների ձերբակալությունները դեռ շարունակվում են: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Իզմիրի հանրապետական դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ FETÖ-ի (Թուրքիայում գյուլենականների ցանցն անվանում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ) գործով ձերբակալության որոշում է կայացվել 176 սպաների նկատմամբ, որոնցից 143-ը՝ ավագ լեյտենանտի, 33-ը լեյտենանտի զինվորական կոչում ունեն: Նշվում է, որ նրանց շարքում են նաև ժանդարմերիայի զորամասերի 4 հրամանատարներ և  ռազմաօդային ուժերի «F-16» տիպի կործանիչների 6 օդաչուներ:

Ձերբակալման որոշումներից հետո Թուրքիայի 49 նահանգներում իրականացված համաժամանակյա գործողությունների արդյունքում կասկածյալներից 125-ն արդեն ձերբակալվել են:

Ձերբակալման որոշման հիմք է հանդիսացել նրանց կողմից հեռախոսային գաղտնի շփման նպատակով հատուկ ծրագրերի օգտագործումը: Այդ ծրագրերը տարածված են Թուրքիայի իշխանությունների կողմից հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ հռչակված՝ ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած գյուլենական համայնքի անդամների շրջանում: