Գլխավոր Քաղաքական Թուրքիայի նախագահի որևէ հայտարարություն արժանի չէ մեկնաբանության. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Թուրքիայի նախագահի որևէ հայտարարություն արժանի չէ մեկնաբանության. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

37
0

Ինչպես տեղեկացրել ենք, օրերս Բաքվում նախանշված Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հերթական սպառնալիքն են հնչեցրել Հայաստանի, Արցախի և համայն հայության հասցեին: Որքանո՞վ է այս ամենը մտահոգիչ և ո՞րն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը: Թեմայի շուրջ որոշ պարզաբանումներ ստացանք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից:

Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը: Իր հերթին, Թուրքիայի նախագահն էլ հայտարարել է, որ իրենք կանեն հնարավոր ամեն բան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները:

Թուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) 7-րդ գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կրկնեց Հայաստանի և հայկական տարածքների հանդեպ իր նկրտումները՝ այս անգամ դրանք համեմելով պանթուրքիստական շեշտադրումներով:

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտագնության աղավաղված ընկալումը և մոտեցումները՝ հիմնված ռասիզմի և խտրականության վրա, խոչընդոտում են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, նպաստում են տարածաշրջանում և դրանից դուրս անկայունության խթանմանը: Այս ամենը նաև ընդգծում է մեզ համար տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության ապահովման առաջնահերթությունը։

Թուրքիայի նախագահն իր խոսքում նաև նշել է, որ Թուրքիան իր պատմության ոչ մի ժամանակաշրջանում քաղաքացիական բնակչության կոտորած չի իրականացրել և չի իրականացնի:

Այն բանից հետ, երբ այս տարվա ապրիլի 24-ին իր հայտարարությունում Թուրքիայի նախագահը փորձ արեց արդարացնել հայ ժողովրդի նկատմամբ իր պատմական հայրենիքում իրականացված ցեղասպանությունը, այս թեմայով Թուրքիայի նախագահի որևէ հայտարարություն արժանի չէ մեկնաբանության:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ