Գլխավոր Լուրեր Թուրքիայում ասորական և հայկական գերեզմանոցների տեղում ազգային զբոսայգի է կառուցվել

Թուրքիայում ասորական և հայկական գերեզմանոցների տեղում ազգային զբոսայգի է կառուցվել

18
0

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդինի նահանգի Դարգեչիթ բնակավայրում` Թիրբիք անունով հայտնի տարածքում, տեղակայված են հայկական և ասորական գերեզմանոցները։

Այդ թաղամասում բնակվող ասորի Աբդուլմեսիհ Էրգյունը հայտնում է, որ չնայած բազմաթիվ հորդորների՝ 2016թ. մարտին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված անձը սկիզբ է դրել մի նախագծի, ըստ որի՝ հայկական և ասորական գերեզմանոցների տեղում պիտի կառուցվեր ազգային զբոսայգի և հարսանյաց սրահ։ Արդյունքում այդ նախագիծը կյանքի կոչվեց: Նախագծի իրականացման համար պետությունը հատկացրեց 1մլն 270 հազար թուրքական լիրա (220.000 դոլար):

Ermenihaber-ի փոխանցմամբ, Էրգյունը պատմում է, որ նախագիծն իրականացնողները կանգ չառան նույնիսկ այն ժամանակ երբ փոքր երեխայի գերեզման դուրս եկավ այդ տարածքից՝ վրան խաչի նշանով։

Նման տարածքում զվարճանքի վայր և զբոսայգի կառուցելը, ըստ ասորի բնակչի, առնվազն անբարոյականություն է, խղճի դեմ արվող անմարդկային քայլ։ 

Այս թեմային անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը:

Փայլանը, հիշեցնելով նախորդ տարի Վանի Էդրեմիթի շրջանում հայկական գերեզմանատան վրա կառուցված սանհանգույցի դեպքը, որը չնայած գործադրված բոլոր ջանքերին դեռևս կանգուն է, ասել է.

«Նախորդ տարի կրկին հայկական գերեզմանոցի վրա (Էդրեմիթի-խմբ.) համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը (իշխանությունների կողմից նշանակված-խմբ.) սանհանգույց էր կառուցել տվել: Չնայած այդ թեմայի շուրջ հանդիպեցի մշակույթի նախարարի հետ և վերջինս հրահանգեց, որպեսզի այն ապամոնտաժվի, այնուամենայնիվ այդ սանգահանգույցը մինչ օրս չի քանդվել»:

Նա նկատել է տվել, որ Թուրքիայում ամեն անպատիժ բան կրկնվում է:

«Մեզ համար, անշուշտ, շատ կարևոր է, որ մեր երեխաները խաղան այգում, սակայն մեծ անբարեխղճություն է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել այդ հողի տակ հանգչողների նկատմամբ: Կարծում ենք իրավիճակը կկարգավորվի, կամ էլ եթե այն կանաչապատ տարածքի վերածվի, ուրեմն այդ հողի տակ հանգչող հայերի հիշատակին կարևոր է, որ մի քար կամ խորհրդանիշ դրվի»,- նշել է Փայլանը:

Հայ պատգամավորի խոսքով` այդ զբոսայգում նույնպես չպետք է սանհանգույց լինի և որպես կանաչապատ տարածք պետք է պահպանվի: