Գլխավոր Միջազգային Թուրքիան սպառնում է մտնել Սիրիա. ի՞նչ սպասել և ի՞նչ անել

Թուրքիան սպառնում է մտնել Սիրիա. ի՞նչ սպասել և ի՞նչ անել

28
0

Թուրքական ուժերը մոտ ժամանակներս կհատեն Սիրիայի սահմանը: Էրդողանի խոսնակի այս հայտարարությունն առաջինը հրապարակեց Reuters-ը, լուրը կայծակնային արագությամբ վերահրապարակեցին միջազգային մասմեդիայի ներկայացուցիչները: Այնպես չէ, որ նման սցենարն անկանխատեսելի էր, հատկապես, որ Թուրքիայի առանցքային դաշնակիցներից Միացյալ Նահանգները ըստ էության դեմ էր գործողությունների նման զարգացմանը:

Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցն էլ, փաստորեն, չի մեղմացրել կողմերի դիրքորոշումը:  Իսկ երկու երկրների նախագահների զրույցից հետո ընդունված որոշումը հետևյալն է՝ ամերիկյան զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայի հյուսիսից՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից՝ ճանապարհ հարթելով թուրքական կողմի առաջխաղացման համար: Ի դեպ, արևմտյան որոշ վերլուծաբաններ նկատում են, որ այս քայլով Դոնալդ Թրամփն արմատապես փոխում է ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայի քրդերի հարցում: Ի պատասխան Սպիտակ տան որոշման առնչությամբ հնչեցվող քննադատությունների՝ ԱՄՆ առաջնորդը հիշեցրել է, թե որքան են իրենք աջակցել քրդերին, նրանց հետ մարտնչել, տրամադրել գումարներ ու անհրաժեշտ սպառազինություն, և որ այժմ Միացյալ Նահանգները մտածում է սեփական զինվորների ու երկրի շահերի մասին: Բնական է, որ Թուրքիայի առաջխաղացումը պաշտոնապես դատապարտել է Դամասկոսը, Անկարայի այդ որոշումը վտանգավոր և կործանարար է որակել նաև Սիրիայի դեմոկրատական ուժերի հրամանատարությունը: Հատկանշական է նաև ՄԱԿ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ Թուրքիայի գործողությունները Սիրիայի տարածքում կարող են հանգեցնել անցանկալի հետևանքների:

Թուրքական բանակի հնարավոր առաջխաղացման վտանգավոր շղթան կարող է նաև որոշակի մարտահրավերներ հարուցել Հայաստանի համար: Այս համատեքստում, հարկ է, որ հայկական կողմը զգոն լինի մշտապես և հնարավոր սցենարի դեպքում կարողանա կատարել անհրաժեշտ քայլերը: Մեր ջանքերը՝ կապ հաստատել թուրքագետների և խնդրին քաջատեղյակ փորձագետների հետ և ստանալ անհրաժեշտ մեկնաբանություն թուրք-սիրիական թնջուկի՝ հատկապես Հայաստանի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ, ապարդյուն էին: Այդուհանդերձ, խնդիրը չի կարող վերաբերել զուտ երկու կողմերին՝ Անկարային ու Դամասկոսին, որովհետև պատերազմի սպառնալիքը մարդկության սպառնալիք է…

Արա Ալոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ