Գլխավոր Մշակույթ Իմ հայկական անունը Միքայել է. Էրմիտաժի տնօրեն

Իմ հայկական անունը Միքայել է. Էրմիտաժի տնօրեն

524
0

Ռուսաստանի առաջին ալիքը վավերագրական ֆիլմ է պատրաստել Էրմիտաժի պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու մասին, որը դեկտեմբերի 9-ին դառնում է 75 տարեկան: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:

«Պահապանը» ֆիլմի նկարահանումների մի մասը տեղի է ունեցել Երևանում, որտեղ 1944 թ. ծնվել է անվանի ակադեմիկոսը: Ֆիլմում Պիոտրովսկին ցուցադրել է հին Երևանի իր ծննդավայրը: Նա խոսել է ընտանիքի մասին, որում մտավորականության մի քանի ներկայացուցիչ կա:

Պիոտրովսկու հետ միասին հեռուստաալիքի նկարահանող խումբը քայլել է Օպերայի թատրոնի կողքին գտնվող Հյուսիսային պողոտայով:

«Իմ հայկական անունը Միքայել էր: Ռուսաստանում ծննդյան վկայականում ես գրանցվել եմ այս էկզոտիկ անունով: Քանի որ սա նույն անունն է, ինչ Միխայիլը, անունը թարգմանվել է»,- պատմել է Պիոտրովսկին:

Էրմիտաժի տնօրենը ցույց տվեց այն տունը, որտեղ ծնվել է, և որտեղ այժմ տեղադրված է նրա հոր՝ ականավոր հնէաբան Բորիս Պիոտրովսկու կիսանդրին:

«Ես եռարյուն եմ. ռուսական, հայկական և լեհական արմատներ ունեմ: Իմ ազգությունը շատ պարզ է. ժառանգաբար ռուս ազնվական՝ երեք արյունով: Այդ պատճառով էլ, երբ այստեղ եմ, ես ռուս «շովինիստ» եմ, երբ Ռուսաստանում եմ՝ հայ և լեհ «շովինիստ» եմ, երբ Լեհաստանում եմ՝ ռուս և հայ «շովինիստ» եմ»,- ասում է Պիոտրովսկին:

Երևանի կենտրոնում Միխայիլ Պիոտրովսկին հանդիպել է հայկական ծագմամբ ռուս գործարար Ռուբեն Վարդանյանին, որը շնորհավորել է ակադեմիկոսին Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալու համար: Վավերագրական ֆիլմում ցուցադրվել են նաև կոչումը ստանալու կադրերը: