Գլխավոր Վերլուծական Ինչո՞ւ են «խանդում» Հայաստանին կամ՝ պարտվածների քաղաքականություն

Ինչո՞ւ են «խանդում» Հայաստանին կամ՝ պարտվածների քաղաքականություն

55
0

Եթե համայն հայության համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը գերակա ուղղություններից են, և այդ համատեքստում որևէ դրական փաստ դառնում է համաժողովրդական բերկրանքի առիթ, ապա մեր որոշ հարևանների ու տարածաշրջանային երկրների համար դա խանդի, նույնիսկ՝ թշնամանքի պատճառ է: Պետությունների արտաքին քաղաքականությունը, դիվանագիտական բառամթերքն ու «լեզուն», այս կամ այն հայտարարությունները բխում են տվյալ երկրի կարգավիճակից:

Գուցե անընդունելի է, բայց գոնե ենթադրելի է, որ հակամարտություններում պարտված պետությունները ուղղակի կամ անուղղակի դաշինքի մեջ են մտնում, հարաբերություններ են զարգացնում, սատարող կոչեր են անում իրենց «բախտակիցներին»: Այսպես, Ադրբեջանը և Ուկրաինան բաց չեն թողնում առիթը՝ խոսելու պատերազմական գործողությունների հետևանքով «տուժելու կամ տարածքներ կորցնելու» մասին: Մեծ հաշվով՝ մեզ ու աշխարհին ներկայանում են զոհի կերպարով՝ Բաքվի դեպքում բողոքելով մերթ Արցախից ու Հայաստանից, Ուկրաինայի դեպքում՝ Ռուսաստանից:

Մինչ քաղաքակիրթ աշխարհը, համաշխարհային ազդեցիկ կառույցները հավասարապես ամրագրում են ազգերի ինքնորոշման իրավունքը, Կիևն ու Բաքուն շեշտը դնում են տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, հայտարարել է, թե Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում»: Երիտասարդ առաջնորդը մանրամասնել է, որ պետությունները շարունակում են այդ ուղղությամբ աշխատանքը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում: Սա պարտվածների հոգեբանություն է, որը վաղուց ակտուալ չէ և առաջադեմ մարդկության համար անընդունելի է: Վրաստանի ներքաղաքական իրավիճակի սրման պատրվակով՝ Երևան և Թբիլիսի այցելությունները չեղարկած Զելենսկիի համար այս գործելաոճը մատնում է քաղաքական և, ինչու չէ, անձնական որոշակի վախերի, խանդի մասին, այլ ոչ թե՝ համագործակցության կամ առողջ մրցակցության:

Մինչդեռ հեղափոխություն ապրած Հայաստանը և Ուկրաինան պետք է մեկտեղեին ջանքերը և առավել արդյունավետ համագործակցեին: Ակնհայտ է նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անհամեմատ բարձր է Վլադիմիր Զելենսկիի վարկանիշից, ինչը ևս «քաղաքական» խանդի պատճառ է: Դրա վրա ազդում են նաև ՌԴ-ի հետ Ուկրաինայի ոչ նորմալ հարաբերությունները, այնինչ Երևանի և Կրեմլի փոխհարաբերությունները կայուն զարգանում են:

Անկախ այս ու այլ հանգամանքներից, հայկական կողմը պետք է բարելավի հարաբերությունները Ուկրաինայի հետ, իհարկե՝ ոչ միակողմանի նախաձեռնությամբ: Այնպես որ, Զելենսկիի վերջին հայտարարությունը որքան սպասելի, նույնքան ուսանելի կարող է լինել ապագայի համար…

Արա Ալոյան