Գլխավոր Քաղաքական Ինչու է ԲՀԿ-ն դեմ քվեարկել օրինագծին

Ինչու է ԲՀԿ-ն դեմ քվեարկել օրինագծին

32
0

Արդեն տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 19-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քրեական ենթամշակույթը քրեականացնելու մասին» օրինագծերի փաթեթը: Թեման ակտուալ էր նաև ԱԺ-ում ընթացող ճեպազրույցների ընթացքում: Լրագրողները «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին հիշեցրին որոշ իմքայլական պատգամավորների այն հայտարարությունները, թե խորհրդարանում էլ կան այդպիսի մշակույթի հակված մարդիկ, և հենց նրանք էլ ձգտելու են պայքարել օրինագծի ընդունման դեմ:

Հարցին, թե արդյոք ԲՀԿ պատգամավորների շրջանում նման անձինք չկան, խորհրդարանական երկրորդ ուժի ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը նշեց հետևյալը.

«Հարցը ամենևին չի վերաբերում անձերին, այսպես ասած «օրենքով գողերին» և այլն, և այլն: Ցանկացած հանցաքը պետք է պատժելի լինի, և սա քննարկման ենթակա չէ, այս մասին բազմիցս խոսել ենք և ներկայացրել մեր խմբակցության դիրքորոշումը: Սակայն այս դեպքում մենք կարծում ենք, որ օրենքը իրավական առումով խոցելի է, ինչի շուրջ փաստարկներ ներկայացրեցին իմ գործընկերները: Կան խնդիրներ ձևակերպումների մասով, օրինակ՝ քրեական աշխարհի այսպես կոչված՝ աստիճանակարգության, ենթամշակույթ ձևակերպման հետ և այլն: Ահա այս պատճառով էլ մենք դեմ ենք քվեարկել տվյալ օրինագծին»:

Ինչ վերաբերում է քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ ԲՀԿ պատգամավորների ենթադրյալ առնչությանը, Իվետա Տոնոյանն այդ ամենը ասեկոսե համարեց:

«Դա հեքիաթասացության ժանրից է»,- ընդգծեց պատգամավորը: