Գլխավոր Քաղաքական Ինչպես է ազերի «բլոգերը» մտել հայկական եկեղեցի. վարչապետի խոսնակի պարզաբանումը

Ինչպես է ազերի «բլոգերը» մտել հայկական եկեղեցի. վարչապետի խոսնակի պարզաբանումը

416
0

Երեկ Միլանի հայկական համայնքի հետ վարչապետի հանդիպմանը միջադեպ է տեղի ունեցել: Ազերի բլոգերը վարչապետին հորդորել է հայկական զինուժը դուրս բերել Արցախից, ճանաչել այսպես կոչված՝ Խոջալուի ցեղասպանությունը: Վարչապետը պատասխանել է «բլոգերին», սուտ որակել նրա հայտարարությունը:

Ինչպե՞ս է կարողացել ադրբեջանցին մտնել հայկական եկեղեցի եւ հարցեր ուղղել: Ի վերջո, ազերի «բլոգերը», որը, ինչպես պարզվեց ԶԼՄ հրապարակումներից, Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից է և աչքի է ընկել Բաքվում հատկապես հակաիշխանական ցույցեր ցրելով, կարող էր այլ պրովոկացիայի դիմել:

Araratnews.am-ը զանգահարեց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին՝ պարզաբանման համար: «Սխալ բան չեմ տեսնում, քանի որ մուտքն ազատ էր: Ստուգում են, որ զենք, սուր, ծակող, կտրող պարագաներ չլինեն: Կարծում եմ՝ չեն ստուգել մտնողի անձնագիրը: Եկեղեցի մուտք գործելիս անձնագրով չեն ստուգում: Ես մեծ միջադեպ չեմ տեսնում»,- ասաց վարչապետի խոսնակը:

Մեր դիտարկմանը, որ ազերի «բլոգերը» մտել է եկեղեցի, հնարավոր է՝ այլ պրովոկացիոն քայլ աներ, վարչապետի խոսնակն ասաց՝ այդ հարցերը վերաբերում են անվտանգությանը, ինքը չի կասկածում ԱԱԾ աշխատակիցների պրոֆեսիոնալիզմին, ապա՝ «Ադրբեջանցին այլ քաղաքներում չի՞ կարող մտնել եկեղեցի»:

Հետաքրքրիր է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր անվտանգությունն ապահովող աշխատակիցներից բացատրություն պահանջե՞լ է, վարչապետի խոսնակն ասաց. «Չեմ կարող ասել: Կճշտեմ»:

Զանգահարեցինք նաև ԱԱԾ մամուլի կենտրոն՝ պարզաբանում լսելու: Ի պատասխան՝ մեզ հորդորեցին ավելի ուշ զանգահարել՝ խոստանալով հարցին պատասխանել:

Սոնա Դավթյան