Գլխավոր Վերլուծական Ինչպես պատժել ռազմատենչ Թուրքիային. աշխարհը միավորվո՞ւմ է…

Ինչպես պատժել ռազմատենչ Թուրքիային. աշխարհը միավորվո՞ւմ է…

72
0

«Խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում թուրքական զինուժի ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք հարուցեց քաղաքակիրթ մարդկության վրդովմունքը, ավելին՝ դրսևորվեց կոնկրետ գործողություններով՝ ընդդեմ պաշտոնական Անկարայի: Սպառազինությունների մրցավազքի պայմաններում ապրող աշխարհում, անխոս, կարևոր է հավասարակշռություն և վերապահում ունենալ, եթե խոսքը աճող սպառնալիքի և խաղաղության պահպանման մասին է: Այս օրերին հայտնի դարձավ, որ Չեխիան, Իտալիան և Կանադան դադարեցնում են զենքի մատակարարումը Թուրքիային: Մինչ այդ էլ Շվեդիայի, Հոլանդիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանություններն էին որոշում կայացրել կասեցնել զենքի վաճառքը Թուրքիային։ ԱՄՆ-ն էլ սպառնացել էր ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը՝ զգուշացնելով պատժամիջոցներ կիրառելու մասին, չնայած Էրդողանը հայտարարել էր, թե դա իրենց չի հուզում:

Թուրքիային զենքի մատակարարման բոլոր թույլատրագրերը վերանայում է նաեւ Մեծ Բրիտանիան: Ըստ Financial Times-ի՝ թեպետ այդ մասին պաշտոնապես դեռ հայտարարված չէ, սակայն կառավարությունը որոշել է ամբողջովին վերանայել զենքի բոլոր այն մատակարարումները, որոնք Թուրքիայի կողմից կարող են օգտագործվել ներկայիս գործողության ընթացքում, և դադարեցնել նոր թույլատրագրերի տրամադրումը, քանի դեռ չի ավարտվել վերլուծության գործընթացը: Աներկբա է, որ Թուրքիային կանխելու, նրա ռազմատենչ գործողություններն ու նկրտումները զսպելու համար առաջադեմ աշխարհի այս քայլերը խիստ կարևոր են, եթե չասենք՝ մի քիչ ուշացած:

Այս առնչությամբ Araratnews.am-ը զրուցեց Razm.info մասնագիտացված կայքի մի շարք վերլուծաբանների հետ։

Վերլուծաբան, թուրքագետ Միլենա Այվազյանը, խոսելով զսպամիջոցների մասին, տարակուսեց. «Դժվար է գնահատել Թուրքիային սպառազինության վաճառքի արգելքների ուղիղ ազդեցությունը և պնդել, թե դրանք կզսպեն թուրքերին՝ սխալ է։ Օրինակ՝ անցած տարի Սիրիայի Աֆրինում թուրքերի գործողությունների ժամանակ էլ Գերմանիան զենքի վաճառքի էմբարգո էր սահմանել նրանց նկատմամբ, բայց ավելի ուշ պարզվեց, որ ամեն դեպքում գործարքներ եղել են»։

Նկատենք, որ Թուրքիայի ռազմական կապիտալի ընթացիկ մակարդակը, ռազմական բյուջեի միտումները վերջին տարիներին իսկապես լուրջ սպառնալիք են գլոբալ իմաստով:

Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ դժվար է հստակ գնահատել Թուրքիայի ռազմական բյուջեի փոփոխությունների չափը։ «Քանի որ Թուրքիայում վերջին երեք տարիներին թուրքական լիրայի և ամերիկյան դոլարի փոխարժեքը մի քանի անգամ կտրուկ տատանվել է, օրինակ՝ 2018-ի փետրվարից այս տարվա մայիս 1 դոլարի դիմաց տալիս էին 3,8 լիրա, հետո 6,9, հետո՝ 5,2, հետո՝ 6,2, ապա այսպիսի տատանումներով բավականին դժվար է հստակ գնահատել ռազմական բյուջեի փոփոխությունների չափը»,- ասաց նա՝ հավելելով, որ, շվեդական մասնագիտացված SIPRI կազմակերպության պնդմամբ, 2019-ին Թուրքիայի ռազմական ծախսերն ավելացել են նախորդ տարվա համեմատ 24 տոկոսով և կազմել 19 մլրդ դոլար։ «Բացի այդ՝ պետք է հաշվի առնել, որ Թուրքիայի զինված ուժերը բացի բյուջետային եկամուտներից, ունեն նաև եկամտի այլ աղբյուրներ, մասնավորապես՝ իրենց տնօրինած գույքից և ռազմարդյունաբերական ձեռնարկություններից»,- շեշտեց Կարեն Վրթանեսյանը:

Իհարկե, հայության համար առավելապես մտահոգիչ է Սիրիայում ապրող մեր հայրենակիցների ճակատագիրը, և այդ իմաստով ռուս-թուրքական՝ հատկապես ռազմական համագործակցությունը որոշակի մտավախություններ է ծնում: Առանձնակի ուշադիր պետք է լինել թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության նկատմամբ, որովհետև այս երկու երկրների հայատյացությունն այլևս պետական քաղաքականություն է: Անհանգստացնող է նաև ՌԴ դիրքորոշումը Սիրիայի հարցում: Մի կողմից, Մոսկվան բարիդրացիական հարաբերություններ ունի պաշտոնական Դամասկոսի հետ, մյուս կողմից, ըստ էության, սատարում է թուրքական վերջին գործողություններին: Ըստ վերլուծաբան Հայկ Խաչիկյանի, պատկերն այդքան էլ սև-սպիտակ չէ. «ՌԴ-ն շարունակում է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, և գործողության առաջին տպավորություններից կարող եմ ասել, որ թուրքերի ներխուժումը հնարավորություն է տվել Ասադին փորձել ամրապնդել իր դիրքերը երկրի հյուսիսային շրջաններում, որոնք նախկինում քրդերի վերահսկողության տակ էին և անհասանելի էին իր համար։ Հիմա Սիրիայի կառավարական բանակն այնտեղ ռազմական ներկայություն ունեցավ: Բացի դրանից՝ քրդաբնակ այդ քաղաքներում արդեն անցկացվում են Ասադին սատարող կարգախոսներով հանրահավաքներ»:

Վերլուծաբանի կարծիքով՝ ՌԴ սատարումը միանշանակ չէ: «Մի կողմից դիվանագիտական մակարդակով Ռուսաստանը կարծես դեմ չէ գործողությանը, մյուս կողմից՝ արդեն տեղում գործողություններն այլ բանի մասին են վկայում: Տեղեկություններ կան, մասնավորապես, Մանբիջում ռուսական ռազմական ներկայության մասին, ՌԴ մարտական ինքնաթիռները թռիչքներ են կատարում մարտական գործողությունների գոտում»,- ասաց Հայկ Խաչիկյանն ու հավելեց, որ կան պաշտոնապես չհաստատված տեղեկություններ, որ այդկերպ նրանք խոչընդոտում են Թուրքիայի ռազմաօդային ուժերի աշխատանքը՝ չթողնելով թուրքական օդուժին հարվածել քրդերի և Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին:

«Ամեն դեպքում դեռ վաղ է գնահատական տալու համար, քանզի գործողությունն ընթանում է, ու հնարավոր է՝ պատկերը դեռ փոխվի»,- ընդգծեց վերլուծաբանը:

Արա Ալոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ