Գլխավոր Հասարակություն Ինչպես տարբերել ձիու միսը տավարից

Ինչպես տարբերել ձիու միսը տավարից

165
0

Արդեն մի քանի օր է, որ մարզաբնակները բողոքում են սպանդանոցների օրենքի դեմ: Նրանք պահանջում են կառավարությունից պայմաններ ստեղծել, սպանդանոցների թիվն ավելացնել, իրենց հետ համագործակցել, որից հետո նման օրենք ընդունել: Բողոքողների մի մասն էլ ընդհանրապես դեմ է սպանդանոցներին եւ կողմ է բակային մորթը չվերացնելուն:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պնդում է՝ բողոքում են ոչ թե ֆերմերները, այլ միջնորդները, որոնք գյուղացուց ավելի շատ են օգտվում: ՍԱՏՄ-ը պնդում է՝ սպանդանոցների դեմ բողոքողները մոռանում են՝ երբեմն սպառողին հրամցնում են ձիու կամ տավարի միս:

Araratnews.am-ը ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանին հարցրեց՝ սպառողը կարո՞ղ է անզեն աչքով տարբերել ձիու միսը տավարի մսից: Պատասխանը բացասական էր: Անգամ մասնագետները չեն կարող դա անել, եթե կենդանու ամբողջական կմախք չկա: «Կմախքի ամբողջական փորձաքննություն է արվում՝ որոշելու մսի տեսակը, եթե երկրում չկա կենդանիների հետագծելիության համակարգ, եթե չկան փաստաթղթեր՝ առանց որոնց սպանդի չի կարող ենթարկվել»,- մանրամասնեց մասնագետը:

Մեր զրուցակցի խոսքով՝ ձիու միսն ավելի շատ միոգլոբին է պարունակում, ունի մուգ գունավորում, իսկ քուռակինը՝ բաց: Բայց չի բացառվում, որ ծեր անասունի մսի գույնը շատ մոտ լինի երիտասարդ ձիու կամ ավանակի գույնին:

Սննդագետը վստահեցնում է՝ խնդիրը ոչ թե ձիու կամ ավանակի միսն է, կամ որ վատն է, այլ այն, որ փորձաքննություն Հայաստանում չկա: «Երկրներ կան, որտեղ ձիու միսը դելիկատես է, տավարի մսից  թանկ արժե»,- տեղեկացրեց Դավիթ Պիպոյանը:

Ինչ վերաբերում է սպանդանոցների դեմ  բողոքողներին, Դավիթ Պիպոյանի խոսքով՝  սպանդանոցային մորթը պարտադիր է, որ սնունդն անվտանգ լինի ու չլինեն դեպքեր, երբ գերշահագործված, հիվանդ կենդանու միսը գյուղացին ցանկանում  է իրացնել, սակայն դա անթույլատրելի է:

Սոնա Դավթյան