Գլխավոր Հայաստան Ինչ արժե նախընտրական գովազդի 1 րոպեն. «Արմենիան» ու «Շանթը» սահմանել են 100...

Ինչ արժե նախընտրական գովազդի 1 րոպեն. «Արմենիան» ու «Շանթը» սահմանել են 100 հազար դրամ, «Արմնյուզը» եթերաժամանակ չի տրամադրում. factor.am-ի անդրադարձը

41
0

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում Հանրային ռադիոյի և Հանրային հեռուստատեսության, ինչպես նաև մասնավոր ՀՌԸ-ների վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից Factor.am-ին փոխանցել են, որ Հանրային ՀԸ-ի «Առաջին ալիքը» քարոզչական հոլովակների մեկ րոպեն հեռարձակելու է 50 հազար դրամով, Հ2-ը՝ 60 հազար դրամով

Նախընտրական քարոզչության համար ամենաբարձր գինը մեկ րոպեի համար սահմանել են «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները՝ 100 հազար դրամ: «Կենտրոն» ՀԸ-ն սահմանել է 24 հազար դրամ եթերավճար, «Երկիր Մեդիա»-ն՝ 25 հազար, 5-րդ ալիքը՝ 6 հազար 900 դրամ, «Ա ԹՎ»-ն՝ 40 հազար դրամ, «ԱՐ»-ը՝ 20 հազար դրամ, «Նոր Հայաստան»-ը՝ 16 հազար դրամ և «21 TV»-ին՝ 6 հազար դրամ:

Նկատենք, որ նախընտրական քարոզարշավին վճարովի եթերաժամանակ չի հատկացրել իշխանություններին սուր քննադատող «Արմնյուզ» հեռուստաընկերությունը:

ՀՌՀ հանձնաժողովի կազմում հաստատված ցանկում «Արմնյուզի» անունը բացակայում է: ՀՌՀ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ասաց, որ եթե «Արմնյուզի» անունը բացակայում է ցանկից, ապա դա նշանակում է, որ նրանք չեն ցանկացել քարոզարշավին վճարովի եթերաժամանակ հատկացնել: Նրա փոխանցմամբ՝ սա չի ենթադրում, որ հեռուստաընկերությունը չի կարող իր լրատվական ծրագրերում և հաղորդումների ժամանակ անդրադառնալ թեմային:

Հանրային ռադիոն քարոզչության մեկ եթերային րոպեի համար սահմանել է 1200 դրամ գինը: Մարզային հեռուստաընկերությունները, պայմանավորված օրվա ժամով, մեկ րոպեի համար սահմանել են 3.000-15.000 հազար դրամ: Ռադիոընկերություններն էլ մեկ րոպեի համար սահմանել են 1.000-4.200 դրամ: Սահմանադրությունում փոփոխություն իրականացնելու համար ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից: Քարոզարշավի համար սահմանված է 44-օրյա ժամկետ: Այն կավարտվի ապրիլի 3-ին: