Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնում հեղեղվող քաղաքի բնակչությանը

    75
    0

    Իտալիայում ՀՀ դեսպանությունն իր զորակցություն է հայտնում Վենետիկ քաղաքին եւ նրա բնակչությանը։ Այս մասին նշվում է դեսպանության «Ֆեյսբուքի» էջում:

    «Մեր զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքին եւ նրա բնակչությանը: Քաղաք-թանգարան Վենետիկը համաշխարհային ժառանգության թանկարժեք գանձ է, որում իր ուրույն տեղն ունեն նաեւ հայկական հոգեւոր, գիտակրթական եւ մշակութային ժառանգության մարգարիտները: Ուշադրությամբ հետեւում ենք ստացվող լուրերին եւ հուսով ենք, որ ներդրվող ջանքերի շնորհիվ Վենետիկին պատուհասած բնական աղետի հետեւանքները հնարավորինս կմեղմվեն։ Քեզ հետ ենք, Վենետիկ»,- ասվում է դեսպանության գրառման մեջ:

    Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Վենետիկում սաստիկ հեղեղման պատճառով: Հեղեղման ընթացքում ջրի տակ է անցել Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը՝ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, բազմաթիվ կառույցներ, շինություններ: